Բանգկոկում տաքսու վարորդը հայտնի երաժշտին է վերադարձրել մեքենայում մոռացված ջութակը, որի արժեքը գնահատվում է 18 մլն բաթ (ավելի քան 500 հազար դոլար)։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։

Ինչպես գրում է Lenta-ն, տաքսու վարորդը ռեստորանից վերցրել է չինացի ջութակահար Սյուե Վեյին։ Երբ երաժիշտը դուրս է եկել մեքենայից, սրահում թողել է իր 200-ամյա ջութակը, որն արժի մի ամբողջ հարստություն։ Ավելի ուշ ջութակահարը նկատել է կորուստը և անմիջապես դիմել ոստիկանություն։

Իրավապահ մարմիններին չի հաջողվել գտնել այն մեքենան, որով Վեյը երթեւեկել է: Ոստիկանությունն օգնության համար դիմել է տեղի ռադիոկայանին։ Հաջորդ օրը նրանց հաջողվել է կապ հաստատել տաքսու վարորդի հետ։ Շուտով վարորդը ժամանել է ոստիկանություն, որտեղ հանդիպել է երաժշտի ընկերոջը և նրան հանձնել ջութակը։

Վեյը տաքսու վարորդին  ի նշան շնորհակալության ընծա հավաստագիր է տվել։