Հունաստանի տաճարներից մեկում, որը մոտ 2800 տարեկան է, պեղումներ կատարող հնագետները հայտնաբերել են մի քանի իրեր, այդ թվում շան, կնոջ եւ օձի արձանիկներ, գրել է Live Science-ը՝ հղում կատարելով Հունաստանի մշակույթի նախարարությանը։

Այդ արձանիկներից մի քանիսը կարող էին օգտագործված լինել որպես նվիրաբերություններ Պոսեյդոնին՝ ծովի հին հունական աստծոն։

Պոսեյդոնին նվիրված տաճարը գտնվում է Էլիկիս (որը հայտնի է նաեւ որպես Գելիկա) հին քաղաքում՝ Պելոպոնեսի հյուսիսային ափին։ Հնագետներն այստեղ ուսումնասիրել են նաեւ նստվածքները եւ հայտնաբերել, որ տաճարը մի քանի անգամ հեղեղվել է մոտ 2800 տարի առաջ։ Ի վերջո, այն կործանվել է, երբ Էլիկիսն ավերվել է երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով, որոնք տեղի են ունեցել ավելի քան 2300 տարի առաջ։

Գտնված իրերի մեջ են շան բրոնզե եւ կնոջ կավե արձանիկները։ Գտնվել են նաեւ օձի կավե գլուխ, սֆինքսի կամ ջրահարսի կավե թեւ, ոսկե մանյակի կտոր։

Հնագետները տաճարի պեղումներով զբաղվել են մոտ 20 տարի։ Դրա բացահայտման եւ Պոսեյդոնի հետ կապի մասին մի քանի ուսումնասիրություններ հրապարակվել են 2011-2022թթ.։