Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները Հերաթի նահանգում (երկրի արեւմուտք) փակել են գեղարվեստական դպրոցն այն պատճառով, որ դպրոցի պարապմունքներին նաեւ աղջիկներ էին հաճախում։ Այս մասին տեղեկացրել է Hasht-e Subh թերթը՝ հղում կատարելով տեղի աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ այն բանից հետո, երբ թալիբների ներկայացուցիչներն իմացել են, որ Աֆղանստանի երիտասարդ աղջիկները հաճախել են վայելչագրության պարապմունքներին՝ չնայած կանանց լրացուցիչ կրթություն ստանալու արգելքին, դպրոցը փակվել է։ Պարբերականը նշել է, որ իսլամական արվեստի դասավանդման կենտրոնը Հերաթում աշխատում էր 40 տարի եւ համարվել է նմանատիպ ամենախոշոր ուսումնական հաստատությունն Աֆղանստանի ամբողջ տարածքում։

Թերթը նաեւ տեղեկացրել է, որ վերջին մի քանի օրերին «Թալիբանի» կողմնակիցները փակել են առնվազն եւս երկու ուսումնական կենտրոն եւ մեկ մասնավոր դպրոց այն պատճառով, որ դրանց պարապմունքներին աղջիկներ են հաճախել։

Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ թալիբներն արգելել են աղջիկներին թույլ տալ հաճախել ուսումնական կենտրոններ Ղազնի նահանգում, որը գտնվում է երկրի կենտրոնում։ Այս նոր կանոնին չհետեւելու դեպքում ուսումնական հաստատությունների ղեկավարներին պատիժ է սպառնում։

2021թ. իշխանության գալով՝ թալիբներն արգելեցին պարապմունքներն աղջիկների համար միջնակարգ դպրոցներում եւ բուհերում, արգելք մտցվեց համալսարաններում կանանց ուսանելու, այդ թվում պրոֆեսորա-դասախոսական կազմի կանանց աշխատելու համար, կարգադրվեց կանանց հեռացնել աշխատանքից ազգային եւ միջազգային բոլոր հասարակական կազմակերպություններից։ Այս որոշումները քննադատության ալիք առաջացրին օտարերկրյա մի շարք պետություններում եւ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ ՄԱԿ-ում։