Ֆիլիպ Ժոստը նշանակվել է այն պետական կազմակերպության ղեկավար, որը պատասխանատու է Փարիզի Աստվածամոր տաճարի նորոգման համար՝ օգոստոսին գեներալ Ժան-Լուի Ժորժելենի զոհվելուց հետո։ Ժոստը մինչ այդ նրա օգնականն էր։ Այս մասին տեղեկացրել է Le Figaro թերթը։

«Նախագահի ընտրությունը ոչ միայն գեներալի հաջորդին նշանակելու, այլեւ գեներալի հանդեպ հարգանքի նշան է»,- պարբերականը մեջբերել է Մակրոնին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը։

Թերթի հավաստիացմամբ, 63-ամյա Ժոստը Ժորժելենի «աջ ձեռքն» էր։ Նշվել է, որ գեներալի հաջորդը պոլիտեխնիկական կրթություն ունի եւ աշխատել է պաշտպանական ճյուղում։ Տաճարի վերականգնման ընթացքում նա զբաղվել է գործերի կառավարմամբ եւ տեխնիկական հարցերով, մինչդեռ Ժորժելենը ստանձնել էր հանրային գործառույթները։ Չնայած Փարիզի արքեպիսկոպոսը եւ բանակի հրամանատարությունը նախագահին խնդրել էին այդ պաշտոնին զինվորական նշանակել, որոշվել է կողքից մարդ չփնտրել, քանի որ «նախագիծն ավարտական փուլում է»։

Ինչպես օգոստոսի 19-ին տեղեկացրել էր France Info ռադիոկայանը, 74-ամյա Ժան-Լուի Ժորժելենը զոհվել էր Պիրենեյներում՝ վայր ընկնելով 2 650 մետր բարձրությունից։ Օգոստոսի 30-ին լրանալու էր նրա 75 տարին։ Աստվածամոր տաճարի հրդեհից հետո, որը տեղի էր ունեցել 2019թ. ապրիլին, նա նշանակվել էր հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ տաճարի վերականգնման նախագծի իրականացման գծով։