Հունական «Տեոտեք Ս.Ա.» ընկերությունը մտադիր է Երեւանի կենտրոնում ավտոմատացված ստորգետնյա ավտոկայանատեղիի նախագծման, կառուցման եւ շահագործման ծրագիր իրականացնել, որի վերաբերյալ հուշագիր է ստորագրվել:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ «Տեոտեք Ս.Ա.» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքապետարանի եւ ընկերության գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
Թեոխառակիս ընկերությունների բիզնես զարգացման տնօրեն, «Տեոտեք Ս.Ա.» գլխավոր տնօրեն Կոնստանտին Ալոուպիսը քաղաքապետին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք ընդգրկում են են բարձր տեխնոլոգիաների, ավտոկայանատեղերի ավտոմատ կառավարման, առողջապահական, հյուրանոցային, հանրային սպասարկման եւ մի շարք այլ ոլորտներ:
Հանդիպման ավարտին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Տեոտեք Ս.Ա.» գլխավոր տնօրեն Կոնստանտին Ալոուպիսը ստորագրել են մտադրությունների մասին հուշագիր: Հուշագրի համաձայն կողմերը մտադրվում են համաձայնության գալ եւ իրականացնել Երեւանի կենտրոնում ավտոմատացված ստորգետնյա ավտոկայանատեղիի նախագծման, կառուցման եւ շահագործման ծրագիր: Նախատեսվում է իրականացնել նաեւ Երեւան քաղաքի բոլոր ենթակառուցվածքների, ներառյալ կապուղիների, մալուխային համակարգի նախագծմանը, ինչպես նաեւ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերակառուցմանը, շահագործմանն ու սպասարկմանն առնչվող ծրագրեր:
Առաջիկայում աշխատանքային խումբը հուշագրով ամրագրված նախագծերի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի եւ կողմերը կսկսեն բանակցությունները ներդրումային ծրագրերի վերաբերյալ:




























