Հնդկաստանի հյուսիս-արեւելքում, Սիկիմ նահանգի մի քանի քաղաքներում հանկարծակի սկսված հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած հեղեղումների զոհ է դարձել 14 մարդ։ 102 հոգի համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով Press Trust of India գործակալությանը եւ նահանգի ղեկավարության հայտարարությանը։
Հեղեղումն սկսվել է հոկտեմբերի 4-ին։ Զանգվածային տարհանման անհրաժեշտություն է առաջացել, կա 22 հազար տարհանված։ Տեղեկացվել է նաեւ մոտ 2 հազար տուժածների մասին։
Անհետ կորածների մեջ կան 22 զինծառայողներ։
Հեղեղումը քշել-տարել է 11 կամուրջ, վնասել կամ ոչնչացրել ավելի քան 270 տուն, չորս շրջաններում փակվել են դպրոցները։
Գիտնականները փորձում են պարզել հեղեղման կապը երկրաշարժի հետ, որը տեղի է ունեցել Նեպալում հոկտեմբերի 3-ին եւ կարող էր հանգեցնել այն բանին, որ Թիստա գետը դուրս գար ափերից, խորտակեր ամբարտակը, գրել է The Times of India-ն։





























