Ղրղըզստանում հայտնի քրեական հեղինակություն Կամչի Ասանբեկը սպանվել է Բիշքեկի կենտրոնում իրականացված հատուկ գործողության ժամանակ, տեղեկացրել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի ծառայությունում։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում պարզվել է Կ.Ասանբեկի գտնվելու տեղը... Վերջինը, արհամարհելով ԱԱՊԿ աշխատակիցների օրինական պահանջները, զինված դիմադրություն է ցուցաբերել՝ հրազեն օգտագործելով»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ հեղինակությունն սպանվել է ուժայինների պատասխան կրակոցներից։ Ուրիշ տուժածներ, ԱԱՊԿ տվյալներով, հատուկ գործողության ընթացքում չեն եղել։
Կամչի Ասանբեկը (նույն ինքը՝ Կամչիբեկ Կոլբաեւը) հայտնի էր ԱՊՀ քրեական շրջանակներում որպես Կոլյա Ղրղըզ։
2007թ. ԱՄՆ պետդեպարտամենտը Կոլբաեւին անվանել է երկրում «ամենաազդեցիկ հանցավոր խմբավորման պարագլուխ», իսկ 2008թ. ապրիլին Մոսկվայում Կոլբաեւը «թագադրվել» է օրենքով գող ռուսական կազմակերպված հանցավորության պարագլուխների կողմից։





























