Օգոստոսին Էկվադորի նախագահի թեկնածուի սպանության մեջ մեղադրվող եւ կալանավորված վեց կոլումբիացիները ուրբաթ սպանվել են Գուայակիլ քաղաքի բանտում, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։

Տեղեկացվել է, որ Litoral Penitentiary բանտում սպանված վեց բանտարկյալները այն մարդիկ էին, որոնք «մեղադրվում էին նախագահի նախկին թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության մեջ»։ Բանտում նշել են նրանց անունները՝ Իխոն Գրեգորե Ռ., Անդրես Մանուել Մ., Ադեյ Ֆերնանդո Գ., Կամիլո Անդրես Ռ., Սուլես Օսմինի Կ. եւ Խոսե Նեյդեր Լ.։

Լիտորալը Էկվադորի ամենամեծ բանտն է եւ համարվում է ամենավտանգավորներից մեկը. վերջին երեք տարում այստեղ մի քանի խռովություն է տեղի ունեցել, որոնց հետեւանքով եղել են զոհեր։

Սպանությունները տեղի են ունեցել այն պահին, երբ դատախազությունն արդեն ավարտելու էր նախագահի թեկնածուի սպանության հետաքննությունը. նա սպանվել է օգոստոսի 9-ին քաղաքական հանրահավաքի ժամանակ, նշել է ԶԼՄ-ն։

59-ամյա քաղաքական գործիչը առաջատարներից չէր համարվում, բայց օրը ցերեկով կատարված սպանությունը քվեարկությունից երկու շաբաթ առաջ ցնցող հիշեցում էր Էկվադորում հանցագործության բռնկումների մասին։ Նրա խոսքով՝ նրան սպառնում էին մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի անդամները, որոնք գործում են Էկվադորում։