Ամերիկացի ալպինիստ Աննա Գուցուն և նեպալցի գիդ  Մինգմար Շերպան զոհվել են տիբեթյան լեռան լանջերին ձնահյուսի հետևանքով, ևս երկուսը անհետ կորել են։

Տիբեթի Շիշապանգմա լեռից ձնահյուսը տեղի է ունեցել շաբաթ օրը ցերեկը 7600 մետր և 8000 մետր բարձրության վրա, հայտնում է Սինհուան։

Եվս երկուսը` ամերիկացի ալպինիստ Ջինա Մարի Ռզուսիդլոն և նեպալցի լեռնագնաց Տենջեն Շերպան անհետ կորել են:

Ձնահյուսից լրջորեն տուժել է նաև նեպալցի լեռնագնաց Կարմա Գելջեն Շերպան, որին փրկարարներն իջեցրել են լեռից․ ներկայումս նա գտնվում է կայուն վիճակում։

Ընդհանուր առմամբ 52 ալպինիստ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից և Իտալիայից, փորձում էին հասնել լեռան գագաթին, երբ ձնահոսք սկսվեց, հայտնում է Սինհուան:

Այդ ժամանակվանից ժայռամագլցման աշխատանքները դադարեցվել են ձնառատ պայմանների պատճառով:

Շիշապանգման աշխարհի 14-րդ ամենաբարձր լեռն է, որը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 8027 մետր բարձրության վրա:

Հոկտեմբերը Հիմալայներում արշավներ կազմակերպելու ամեահարմար ժամանակ է, քանի որ այն հաջորդում է անձրևների և մուսոնների սեզոնին, սակայն փորձագետները զգուշացնում են, որ կլիմայի փոփոխությունը մեծացրել է տարածաշրջանում ձնահյուսի վտանգը: Հնդկական Հիմալայներում վերջին երկու տարվա ընթացքում ձնահյուսի հետևանքով առնվազն 120 մարդ է զոհվել: