Կիրակի տասնյակ չվերթներ են չեղարկվել դեպի Հոնկոնգ, քանի որ  արևադարձային «Կոյնու» փոթորիկը մոտեցել է Չինաստանի հարավային քաղաքին, ինչի հետևանքով Թայվանում մեկ մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել, հայտնում է Associated Press-ը:

Նախկինում ենթադրվում էր, որ «Կոյնուն» կիրակի գիշերը Հոնկոնգից մոտ 70 կիլոմետր հեռավորությամբ կանցնի՝ հորդառատ անձրևներ առաջացնելով:

Ըստ կանխատեսումների,  կիրակի և երկուշաբթի փոթորիկը կանցնի հարևան Գուանդուն նահանգի ափամերձ ջրերով։ Ըստ Հոնկոնգի աստղադիտարանի տվյալների,  «Կոյնուն» դրսևորել է քամիների առավելագույն 90 կմ/ժ արագություն և պոռթկումների մինչև 122 կմ/ժ արագություն։