Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ Գրանադայի հարավում գտնվող Չղջիկների քարանձավում հայտնաբերված զամբյուղների և սանդալների հավաքածուն, ամենայն հավանականությամբ, պատրաստվել են մեզոլիթյան դարաշրջանի որսորդ-հավաքող համայնքների կողմից և իրենց տեսակում ամենահին արտեֆակտներից են, որոնք հայտնաբերվել են Հարավային Եվրոպայում:
Այս ամառ հնագետները արտեֆակտները թվագրեցին ռադիոածխածնային մեթոդով, դրանք այժմ պահվում են Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանում:
Ըստ ուսումնասիրության՝ 76 նմուշները, որոնք 1800-ականներին հայտնաբերվել են հանքափորների կողմից, որոնք աշխատելիս են եղել քարանձավային համակարգի ներսում, որը հայտնի է որպես Cueva de los Murcielagos («Չղջիկների քարանձավ») ստեղծվել են օրգանական նյութերի օգտագործմամբ, ինչպիսիք են փայտը, եղեգը և էսպարտոն (բազմամյա խոտաբույս, որը սովորաբար աճում է Իսպանիայում): Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Հետազոտողները պարզել են, որ խոտից պատրաստված սանդալները 6200 տարեկան են, ինչը նրանց դարձնում է Եվրոպայի այս հատվածում երբևէ հայտնաբերված ամենահին կոշիկները: Զամբյուղները, որոնք նույնպես պատրաստված էին խոտից, նույնիսկ ավելի հին են՝ մոտ 9500 տարեկան, և «առաջին ուղղակի ապացույցն են», որ զամբյուղները պատրաստվել են մեզոլիթյան կամ միջին քարի դարաշրջանի որսորդ-հավաքողների կողմից, ասվում է հետազոտության մեջ:
Ըստ հետազոտության առաջատար հեղինակ Ֆրանցիսկո Մարտինես-Սևիլյայի, զամբյուղների ստեղծման ժամանակ կիրառված մանրամասների մակարդակը բարդ էր այն ժամանակների համար, իսկ որոշ զամբյուղներ ներառում էին բարդ երկրաչափական զարդանախշեր, ներկված մանրաթելեր և զարդարանքներ՝ մարդու մազերի և պիգմենտների կիրառմամբ։




























