Ռուսական կողմը միշտ եղել եւ մնում է հավատարիմ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը, այն պայմանավորվածություններին, որոնք կան։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում պահպանել եւ ամրապնդել ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ բազմադարյա այն  սերտ կապերը, որոնք շատ բան են տվել երկու ժողովուրդներին եւ երկու երկրներին զարգացման համար։ «Եվ առավել քան հաճելի չէ տեսնել պաշտոնական Երեւանի քայլերը, որոնք, մեր կարծիքով, պայմանավորված են միանգամայն հակառակ տրամաբանությամբ, քան այն, որը ես ձեզ փորձեցի ներկայացնել։ Ակնհայտ է հակառուսական հռետորաբանության էսկալացիան հայ պաշտոնատար անձանց արտահայտություններում, ոչ բարեկամական տեղեկատվական արշավի սրացումը հայկական մեդիա-տարածքում։ Այս ամենը հենվում է չկայացած նարատիվի վրա այն մասին, որ ասես Ռուսաստանը չի օգնել Հայաստանին, ասես Ռուսաստանը չի պաշտպանել Արցախի հայ բնակչությանը։

Սա մակերեսին գտնվող քարոզչական հռետորաբանություն է, բայց պետք է, չէ՞, տեսնել այն իրադարձությունների խորքային պատճառները եւ ակունքները, որոնք տեղի ունեցան սեպտեմբերի 19-20-ին։ 2020թ. նոյեմբերի 9-ին ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որը սահմանեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության տանող մոդալությունները եւ մոտեցումները այդ թվում Ղարաբաղի խնդրի լուծման գործում։ Եվ կարգավորման այն ուղիների կողքին, որոնց մասին ես վերն ասացի, կար նաեւ ջենթլմենական պայմանավորվածություն այն մասին, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում։ Ամեն բան սրանից էր ելնում։ Բայց մոտ մեկ տարի առաջ այս պատկերն էական փոփոխությունների ենթարկվեց։ 2022թ. հոկտեմբերին Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովում, Եվրամիության հովանու ներքո, Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ Հաստատվեց Ալմաթիի 1991թ. դեկտեմբերի հռչակագրի գործունությունը, որը սահմանը նորանկախ պետությունների միջեւ, որոնք ստեղծվել էին Խորհրդային Միության փլուզումից հետո, գծում էր ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջեւ սահմաններում։ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ հաստատեց դա 2023թ. մայիսին Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն հերթական միջոցառման ժամանակ։ Եվ դա արմատապես փոխեց պայմանները, որոնք ստորագրվել էին 2020թ. նոյեմբերի համատեղ հայտարարությունում։ Դա 180 աստիճանով պաշտոնական Երեւանի դիրքորոշման շրջադարձ էր։ Որովհետեւ Հայաստանի ներկայիս իշխանությունը մի քանի տարի առաջ պաշտոնապես հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է։

Բացի այդ, այն փուլում, երբ Ղարաբաղը հայտարարվեց Ադրբեջանի մաս, չասվեց ոչ մի խոսք արցախահայերի իրավունքնրի եւ անվտանգության մասին։ Եվրամիության հրապարակած համապատասխան փաստաթղթերում այդ մասին ոչինչ ասված չէ։ Իրավիճակն արմատապես փոխվեց, եւ մեզ մեղադրել այն բանում, որ մենք ինչ-որ բան չենք կատարել, շատ տարօրինակ է։ Պետք է հիշել նաեւ այն մասին, որ մինչ այդ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ այլ անդամները պատրաստ էին Հայաստան ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, բայց, ցավոք, Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից մենք մերժում ստացանք։ Դրա փոխարեն Հայաստան կանչվեց Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը ոչ մի կայունացնող դեր չխաղաց»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ռուս-հայկական հարաբերություններին, ապա Ռուսաստանը, նրա խոսքով, «միշտ ելնում է այն բանից, որ պաշտոնական մակարդակով մենք լուծելու ենք բարդ հարցերը պրոֆեսիոնալ կերպով, դիվանագիտական ուղիներով, առանց որեւէ հուզականության մեդիա-տարածքում»։ «Բայց, ցավոք, հայկական կողմից մենք տեսանք հանրային ոչ բարեկամական հռետորաբանության թեժացում Ռուսաստանի հանդեպ։ Ինչի հետեւանքով մենք ստիպված եղանք հրապարակել սեպտեմբերի 25-ի ձեր հիշատակած հայտարարությունը։ Այսինքն՝ մենք այդ բանավեճը տեղափոխեցիքն հանրային տարածք միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանի հակառուսական հռետորաբանության թեժացումն սկսեց չափն անցնել։

Ես չեմ ցանկանում այստեղ ներկայացնել մեր բոլոր փաստարկները, որոնք վկայում են պաշտոնական Երեւանի ոչ բարեկամական վարքի մասին։ Բայց հիշեցնեմ միայն այնպիսի քայլերի մասին, ինչպիսին է հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը ՀԱՊԿ շրջանակում ուսումնամարզական միջոցառումներից հրաժարվելու ֆոնին։ Այնպիսի սադրող քայլերի մասին, ինչպես Հայաստանի վարչապետի կնոջ այցն էր Կիեւ եւ շփումը [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու հետ, ինչպես ՀՀ խորհրդարանի խոսնակ պարոն [Ալեն] Սիմոնյանի շփումը ռուս գործընկեր [Ռուսլան] Ստեֆանչուկի հետ։ Վերջին ժամանակներս սկսել են հաճախ Երեւան այցելել տարատեսակ հյուրեր Եվրոպայից, որոնք նույնպես Երեւանն օգտագործել են որպես ամբիոն տարատեսակ հակառուսական հայտարարությունների համար։

Եվ այնուամենայնիվ,  մենք ակնկալում ենք, որ Երեւանում համարժեք կգնահատեն ռուս-հայկական գործընկերության կարեւորությունը։ Եվ կառաջնորդվեն նախ եւ առաջ այն ամուր բազմադարյա կապերով, որոնք միավորում են Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդներին»,- ասել է նա։