Արաբական երկրների արտաքին գործերի նախարարներն Իսրայելին կոչ են արել կատարել միջազգային պարտավորությունները՝ որպես օկուպացիոն տերություն, եւ վերադառնալ բանակցություններին երկու պետությունների ստեղծման մասին, ինչը կենսունակ պետություն կապահովի Պաղեստինի համար, գրել է The Guardian-ը։
«Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել Կահիրեում, նախարարներն ընդգծել են խաղաղության գործընթացի «վերսկսման եւ Պաղեստինի ազատագրման կազմակերպության ու Իսրայելի միջեւ բանակցություններ սկսելու կարեւորությունը»։
Այս քայլը երկակի նախաձեռնության մի մասն է՝ հիմնականում Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ եւ վերաբերում է ճգնաժամի դեէսկալացիային եւ այն բանին, որպեսզի Իսրայելին հարկադրեն ճանաչել, որ նրա հրաժարումը բանակցություններից հանգեցրել է ՀԱՄԱՍ-ի հետ հարաբերությունների տապալմանը։
Բայդենի վարչակազմը մասնավոր կարգով հիասթափություն է հայտնել, որ Սաուդյան Արաբիան պնդում է, որ բռնությունը տեղի չէր ունենա, եթե պաղեստինցիներին անկախ պետություն տրամադրվեր, որը նրանք պահանջում են տասնամյակներ։
Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը համեմատում է ՀԱՄԱՍ-ի կատարած հանցագործությունները բացահայտ դատապարտելու Արաբական Միացյալ Էմիրությունների պատրաստակամության հետ։ ԱՄԷ-ն լիովին կարգավորել է հարաբերություններն Իսրայելի հետ 2019թ. Աբրահամյան համաձայնագրերից հետո, բայց Էր Ռիադը դա չի արել, չնայած կա պոտենցիալ մերձեցման հավանականություն։
Շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակումից հետո Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը զրույցներ է ունեցել Պարսից ծոցի եւ արեւմտյան երկրների ղեկավարների հետ, զրուցել է նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլիի հետ՝ ձգտելով դեէսկալացնել ճգնաժամը։ Սաուդյան Արաբիայի հայտարարությունում կոչ է արվում միջազգային հանրությանը՝ «միավորվել, որպեսզի բավարարվեն եղբայրական պաղեստինցի ժողովրդի ակնկալիքները»։ Նշվել է, որ անհրաժեշտ է պաշտպանել անզեն քաղաքացիական բնակչությանը։
Սաուդյան Արաբիան մեծ դեր է խաղացել ԵՄ եւ Պարսից ծոցի համագործակցության համատեղ խորհրդում, որը կոչ է արել խնդիրը լուծել երկու պետությունների հիման վրա։ Հասկանալի է, որ Էր Ռիադը չի ոգեւորվել տարածաշրջան ավիակիր ուղարկելու ԱՄՆ որոշումից։
Սաուդյան Արաբիան չի պատրաստվում հրաժարվել Պաղեստինի գործից, եւ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը արդեն զանգահարել է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին, որպեսզի ընդգծի, որ Պարսից ծոցի թագավորությունը «գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը փոխգործակցության համար միջազգային եւ տարածաշրջանային բոլոր կողմերի միջեւ», որպեսզի դադարեցվի շարունակվող էսկալացիան եւ կանխվի դրա հետագա տարածումը տարածաշրջանում»։
Թագաժառանգը հաստատել է նաեւ թագավորության աջակցությունը Պաղստինի ժողովրդին՝ չհիշատակելով պաղեստինյան պետության ստեղծման մասին։
Սաուդյան Արաբիան ուշադիր է արաբական հանրային կարծիքի հանդեպ, որը պատճառներից մեկն է, թե ինչու մինչեւ այժմ նա չի ցանկանում միանալ ԱՄԷ-ին, Բահրեյնին, Մարոկկոյին եւ Սուդանին Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։
Էր Ռիադը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, բայց հայտարարում է, որ չի ստորագրի իր իշխանությունը թուլացնող համաձայնագիր։
Սաուդյան Արաբիան կապ է պահպանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի հետ, հիմնականում Կատարի միջոցով, բայց ոչ մի կապ չունի նրա ղեկավարության հետ։ Էր Ռիադը չի մեղադրել ՀԱՄԱՍ-ին Մերձավոր Արեւելքում հաշտեցմանը վերջ դնելու փորձի մեջ եւ չի հայտարարել, որ նրա հարձակման թիկունքում կանգնած է Իրանը։ Իրանը Սաուդյան Արաբիային խորհուրդ է տվել գործարք չկնքել ԱՄՆ-ի հետ՝ նախազգուշացնելով, որ սաուդցիները կսխալվեն։
Սաուդյան թերթերը սկսել են ավելի բացահայտ հայտարարել, որ տարածաշրջանում խաղաղություն չի լինի, քանի դեռ Պաղեստինին չի տրամադրվի սեփական պետություն։
Arab News թերթի գլխավոր խմբագիր Ֆեյսալ Աբասն ասել է, որ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության մասնագետների խումբը վերջին երկու տարիներին աշխատել է «2.0 արաբական խաղաղ նախաձեռնության» ուղղությամբ, որը կոչված է խթաններ ապահովել երկու կողմերի համար։
Նրա խոսքով՝ թագավորությունը միշտ հստակ հասկացրել է, որ կարգավորման ցանկացած ավելի լայն եռակողմ համաձայնագիր Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ եւ Իսրայելի մասնակցությամբ պետք է ներառի կոնկրետ առաջընթաց խաղաղության հարցում։ «Հիմա մենք պետք է արագ գործենք, որպեսզի կանխենք աղետը։ Ռուբիկոնն անցել են։ Ոչ ոք չի սպասում նախորդ սցենարների կրկնություն, այն է՝ էսկալացիայի մի քանի օր, զսպվածության կոչեր, հրադադարի համաձայնագիր կամ Կատարի, Սաուդյան Արաբիայի առաջարկ՝ վերականգնել Գազան»,- ասել է նա՝ նախազգուշացնելով, որ «ուղղիչ որոշումը» բավարար չէ, քանի որ բռնության յուրաքանչյուր շրջափուլ ավելի վատն է լինում։
Աբասը ընդունել է ներկա ճգնաժամի դեէսկալացիայի բարդությունը։ «Մենք գործ ունենք ամենաաջ կառավարության հետ Իսրայելի պատմության մեջ, եւ ՀԱՄԱՍ-ը երբեք աչքի չի ընկել խելամտությամբ 2007-ից ի վեր»,- ասել է նա։





























