Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին մերժել է պաղեստինցիների բռնի տեղահանումը Սինայ՝ հավելելով, որ ցանկացած նման քայլ թերակղզին կվերածի Իսրայելի վրա հարձակումների հենակետի, հայտնում է Reuters-ը։

Հայտարարելով, որ Գազայի հատվածը փաստացի գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ, նա առաջարկել է պաղեստինցիներին վերաբնակեցնել Իսրայելի Նեգև անապատում «մինչև զինյալների հետ հարցերի պարզաբանումը»:

«Իսրայելի աննախադեպ ռմբակոծությունն ու Գազայի պաշարումը մտավախություն է առաջացրել, որ նրա 2,3 միլիոնանոց բնակչությունը կարող է հարկադրաբար տեղափոխվել հարավ՝ Սինայ: Այն, ինչ հիմա կատարվում է Գազայի հատվածում, փորձ է ստիպել խաղաղ բնակիչներին ընդունել փախստականի կարգավիճակ և գաղթել Եգիպտոս, ինչը չի կարելի հանդուրժել։

Եգիպտոսը մերժում է Պաղեստինի հարցը ռազմական ճանապարհով լուծելու կամ պաղեստինցիներին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու ցանկացած փորձ, որը կկատարվի տարածաշրջանի երկրների հաշվին»,- ասել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին։

Նրա խոսքով՝ Եգիպտոսի ժողովուրդը դեմ է լինելու Գազայի բնակիչների՝ դեպի Սինայ տեաղահանմանը։ 

«Պաղեստինցիների ցանկացած տեղափոխում Սինայ կնշանակի, որ «մենք դիմադրության և պայքարի գաղափարը Գազայի հատվածից տեղափոխում ենք Սինայ, և այդպիսով Սինայը  հիմք կհանդիսանա Իսրայելի դեմ գործողություններ սկսելու համար», - ասել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին։