Իսրայելլը խոստանում է  ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին դաժան հարձակմամբ Գազայի հատվածի վրա, գրել է Reuters-ը։

«Երկաթե սրեր» անունը կրող գործողությունը կլինի նմանը չունեցող իր դաժանությամբ, գործակալությանը հայտնել են ութ տարածաշրջանային եւ արեւմտյան պաշտոնյաներ։

Իսրայելը զորակոչել է 360 000 պահեստային եւ անդադար ռմբակոծել Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից հետո։

Իսրայելի ռազմավարությունն ըստ աղբյուրների այն է, որպեսզի կործանվի Գազայի ենթակառուցվածքը, անգամ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ զոհերի կյանքի գնով։

Բայց իսրայելցի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ հստակ պատկերացում չունեն, թե ինչպիսին կլինեն հետեւանքները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականներից ոմանք անհանգստացած են, որ Իսրայելը դեռ պետք է ձեւակերպի ելքի ռազմավարությունը, տեղեկացրել է աղբյուրը Վաշինգտոնում։

Պետքարտուղար Բլինքենի եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անցած շաբաթվա ուղեւորություններն Իսրայել ընդգծել են Գազայի հատվածի համար հետպատերազմյան պլանի կարեւորությունը։

Արաբ պաշտոնյաները անհանգստացած են, որ Իսրայելը հստակ պլան չունի անկլավի ապագայի հարցում, որտեղ ապրույն է 2,3 մլն մարդ։

Իսրայելական ներխուժումը դեռ չի սկսվել, բայց Գազայի իշխանությունները հայտարարում են, որ օդային ռմբակոծումների հետեւանքով արդեն զոհվել է 3 500 պաղեստինցի, նրանց մեկ երրորդը՝ երեխաներ։

Բայդենը չորեքշաբթի Իսրայել կատարած այցի ժամանակ իսրայելցիներին ասել է, որ արդարությունը պետք է հաղթանակի ՀԱՄԱՍ-ի հանդեպ, չնայած նախազգուշացրել է, որ սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ն սխալ է գործել։

Քարնեգի հիմնադրամի Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Ահարոն Դեւիդ Միլլերը ասել է, որ Բայդենի այցը իրեն հնարավորություն կտար ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի վրա, որպեսզի նա պատասխանի այնպիսի հարցերի, ինչպիսին են ուժի համամասնական կիրառումը եւ երկարաժամկետ պլանները Գազայի հատվածի համար։

Իսրայելի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ կոչնչացնեն ՀԱՄԱՍ-ը՝ վրեժ լուծելով հոկտեմբերի 7-ի համար։

Գուցե դա ավելի հեշտ է ասել, քան անել։

«Դա թունելների ստորգետնյա քաղաք է, որի համեմատ Վյետկոնգի թունելները մանկական խաղ են թվում»,- ասել է աղբյուրը՝ նկատի ունենալով պարտիզանական ուժերը, որոնք մարտահրավեր էին նետում ամերիկյան զորքերին Վիետնամում։

Իսրայելի գալիք հարձակումը շատ ավելի ծավալուն կլինի, քան նախորդ գործողությունները Գազայի հատվածում։

Իսրայելն արդեն մասնակցել է ՀԱՄԱՍ-ի դեմ երեք նախորդ հակամարտություններին՝ 2008-09, 2012 եւ 2014թթ., եւ Իսրայելը երբեք չի երդվել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը մեկընդմիշտ։

Այդ երեք բախումներում զոհվել է մոտ 4 000 պաղեստինցի եւ 100 իսրայելցի։

Բայց Վաշինգտոնում լավատեսությունը քիչ է այն առումով, որ Իսրայելը կկարողանա լիովին ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին։

Ավելի հավանական սցենարը ՀԱՄԱՍ-ի որքան հնարավոր է շատ անդամների սպանությունն է, թունելների եւ հրթիռների արհեստանոցների պայթեցումը եւ հետո, երբ իսրայելական զոհերն ավելանան, գտնել հաղթանակի հայտարարման ձեւն ու հեռանալ։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը նախազգուշացրել է Իսրայելի դեմ հնարավոր կանխիչ գործողությունների մասին,եթե նա ներխուժի Գազա։

Արաբ առաջնորդները Բլինքենին ասել են, որ չնայած դատապարտում են ՀԱՄԱՍ-ի հարձակումը, բայց դեմ են շարքային պաղեստինցիների հավաքական պատժին։ Նրանց խոսքով՝ ժողովրդական ցասումը կուժգնանա ամբողջ տարածաշրջանում, երբ զոհերի թիվն ավելանա։

Վաշինգտոնը ավիակիրների հարվածայի խումբ է ուղարկել արեւելյան Միջերկրածով, քանի որ անհանգիստ է, որ «Հեզբոլլահը» կարող է միանալ մարտին Իսրայելի հյուսիսային սահմանին։

Տարածաշրջանային աղբյուրները տեղեկացրել են, որ Վաշինգտոնը առաջարկում է ակտիվացնել Պաղեստինի ինքնավարությունը, որը Գազայի վերահսկողությունը 2007թ. զիջել էր ՀԱՄԱՍ-ին։

Մերձավոր Արեւելքի գծով ամերիկացի նախկին բանակցող Միլլերը   թերահավատություն է հայտնել ՀԱՄԱՍ-ից հետո կառավարության ստեղծման հնարավորության առիթով, որը կկառավարեր Գազայի հատվածը։

Գազայի հատվածի ներսում հումանիտար միջանցքների ստեղծման եւ պաղեստինցիների փախուստի ճանապարհներ բացելու կոչերը խիստ արձագանք են առաջացրել արաբ հարեւանների կողմից։

Նրանք զգուշանում են, որ իսրայելական ներխուժումը տեղահանման նոր զանգվածային ալիք կառաջացնի։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ չի ընդունում պաղեստինցիների բռնի տեղահանումը, նման ցանկացած քայլ շրջանը կվերածի Իսրայելի հարձակումների բազայի։

Արեւելյան Երուսաղեմը ընկած է պաղեստինցիների հետ հակամարտության հիմքում։ Հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել Արեւմտյան ափին, եւ առկա է լայնորեն տարածված անհանգստություն այն առիթով, որ բռնությունը կարող է ընդգրկել այդ տարածքը։

«Որքան էլ որ վատը լինի սցենարը, այն ավելի է վատանալու»,- ասել է տարածաշրջանային աղբյուրը Գազայի հատվածի սահմաններից դուրս հակամարտության տարածման հնարավորության մասին։