Մուսուլմանական երկրները գերադասում են հենց հիմա լուծել Գազայի խնդիրը՝ օգտագործելով բոլոր դիվանագիտական և հումանիտար գործիքները, Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ նրա, մուսուլմանական երկրներն այժմ միավորված են նախաձեռնող խմբում, որը բաղկացած է Թուրքիայից, Ինդոնեզիայից, Նիգերիայից, Հորդանանից, Եգիպտոսից, Քաթարից և Սաուդյան Արաբիայից։ Այս երկրների ներկայացուցիչները պատրաստվում են հաջորդ շաբաթվանից սկսել դիվանագիտական ջանքերը տարբեր մայրաքաղաքներում:
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ)Գազայի ճգնաժամի կարգավորման գործում վճռորոշ դեր են խաղում միջազգային ասպարեզում։
Ինչ վերաբերում է Անկարայի որոշումների կայացմանը, Ֆիդանն ասել է, որ Թուրքիան նախընտրում է հավաքական գործողությունն այլ երկրների հետ՝ այդ միջոցառումների ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար։
Անդրադառնալով հրադադարի վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումների տարբերությանը՝ Ֆիդանը նշել է, որ Անկարան հանդես է գալիս հօգուտ հրադադարի անհապաղ դադարեցման և Գազային անխափան մարդասիրական օգնության տրամադրման։ Ընդունելով համապարփակ զինադադարի շուրջ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները՝ նա լավատեսություն է հայտնել հումանիտար զինադադարի հասնելու հարցում:
Մյուս կողմից, Ֆիդանը կրկնել է, որ Թուրքիան ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում։ Ըստ նրա, «ՀԱՄԱՍ-ը գործում է որպես քաղաքական կուսակցություն պաղեստինյան պետական համակարգում և իրականություն է, որը բխում է օկուպացիայի պայմաններից»։
«Մենք Պաղեստին պետությունը ճանաչող երկիր ենք, և մեզ հետ միասին այն ճանաչում է նաև գրեթե 140 երկիր։ Ուստի, մենք որևէ պետության տարածքում գործող կուսակցությունները չենք դասում ահաբեկչականի կամ ոչ ահաբեկչականի»,- ասել է նա։
Ֆիդանը նաև վստահություն է հայտնել, որ երբ օկուպացիան ավարտվի, ՀԱՄԱՍ-ի նման կազմակերպությունները կվերադառնան բնականոն կյանքին։
«Անկեղծ ասած, մենք համաձայն չենք, որ այն հարցը, թե ով կկառավարի Գազան առանց երկու պետությունների ստեղծման մասին որոշման, հիմնավոր է: Գազան արդեն կառավարվում էր մինչև հակամարտությունը և կարող է շարունակել կառավարել ինքն իրեն։ Գազան խնդիրներ չունի ինքնակառավարման հետ։ Գազայի իրական խնդիրն այն է, որ այն գտնվում է օկուպացիայի տակ, ենթակա է շարունակական հարձակումների և իր ենթակառուցվածքների ոչնչացման», - հավելել է նա:





























