Այն, որ եկեղեցուն հարկային արտոնություններ տալու վերաբերյալ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, խոսում է եկեղեցու նկատմամբ եղած հարգանքի մասին: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով Ազգային ժողովում առաջին ընթերցում ստացած «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հողի եւ գույքի հարկերից ազատելու մասին» օրենքի նախածին:
Նրա խոսքով` այս օրինագծում խնդիրն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքները հողերի պակաս ու ինքնաֆինանսավորման խնդիր ունեն․ «Մենք ձեւավորել ենք տեղական ինքնակառավարման համակարգ՝ 1996 թվականից սկսած, որը մինչ օրս չի գտնվում պատշաճ վիճակում, քանի որ համայնքի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները սուղ են, ու հիմնական գումարը գալիս է հողի հարկից եւ գույքի հարկից, ինչն էլ կամ քիչ է հավաքվում, կամ եթե հավաքվում էլ է 100 տոկոսով, չի բավականացնում զարգացմանը: Իսկ դա նշանակում է, որ մեր ունեցած միջոցները սուղ են, ու նման օրինագծի ընդունման պարագայում տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք առանց այց էլ պետական դոտացիա են ստանում, զրկվում են գումարից»:
Այդ հայտարարությանն ի պատասխան` Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն էլ նկատեց, որ եկեղեցապատկան հողատարածքների հարկերը տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում չնչին տոկոս են կազմում, եւ դա վնաս չի տալիս համայնքային բյուջեին:
Այն հարցին, թե ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Մայր Աթոռը ցանկանում խուսափել հարկային պատասխանատվությունից, եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Օրինակ Վրաց ուղղափառ եկեղեցին Հայաստանի հասարակության մեջ շատ է գովաբանվում, նշվում է նրա դերակատարությունն ու ակտիվությունը: Բայց ես ուզում եմ հարց տալ, ինչի հաշվին է այդ դերակատարությունն ու ակտիվությունը: Վրացական պետությունը տարեկան եկեղեցուն պետբյուջեից հատկացնում է 20 մլն դոլարին համարժեք լարի աջակցություն: Վրացական եկեղեցին ազատված է գույքի եւ հողի հարկերից, եկեղեցական պարագաների արտադրության եւ իրացման համար անհրաժեշտ բոլոր հարկատեսակներից: Մեր խնդիրն է նվազ չափոց նման չափով հարկային արտոնություններ տրամադրել հայ եկեղեցուն, նաեւ բարոյական աջակցություն 70 տարիների ընթացքում եկեղեցու կրած փորձությունների եւ բռնազավթումների»:
Եպիսկոպոսը նաեւ նշեց, որ Մայր Աթոռի բյուջեի մեկ երրորդը մոտ 1 մլն 200 հազ. դոլարին համարժեք դրամը ծախսվում է բարեսիրական, կրթադաստիարակչական նպատակներով, իսկ եթե հարկերը գանձվեն, եկեղեցին ստիպված կլինի կրճատել այդ նպատակներին ուղղված ծախսերը. «Մայր Աթոռը կարող է նվազեցնել բարեգործական ծրագրերից մեկ- երկուսը եւ դրա փոխարեն գույքահարկ ու հողի հարկ վճարի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ օրինագիծն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ հարկային արտոնությունների ենթակա օբյեկտների շարքում ներկայացվել է 286 կառույցի ցանկ, այդ թվում հողատարածք` 20 հատ, հողամաս` 45 հատ, բնակարան` 35, առանձնատուն` 4, ճաշարան` 4, արոտ, արոտավայր` 4, վարելահող` 4, կինոթատրոն` 2, արտադրամաս` 4, ֆուտբոլի մարզադաշտ` շրջակա կառույցներով` 11, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան` 2 եւ այլն:



























