Իսրայելցի զինվորականները քանդել են 1,1 հազար շենքեր եւ կառույցներ Գազայի հատվածում՝ Իսրայելի հետ սահմանին բուֆերային գոտու ստեղծման համար՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտնել էր, որ դեմ է անկլավի սահմանների փոփոխությանը։ Այս մասին տեղեկացրել է Financial Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Աղբյուրներից մեկի վկայությամբ՝ այդ գործողության նպատակը «տարածքը լիովին մաքրելն է ահաբեկիչներից կամ ենթակառուցվածքից, հրթիռային կայանքներից եւ նռնականետերից, եւ այնտեղ [իսրայելցիներին] գործողությունների լիակատար ազատություն տալը»։ Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար Ամոս Յադլինը ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ այդ բուֆերային գոտու խորությունը կարող է կազմել 1 կիլոմետր։ Բուֆերային գոտում «ոչ ոք չի լինի, միայն ականներ, որպեսզի հոկտեմբերի 7-ը երբեք այլեւս չկրկնվի», նրա խոսքերը մեջբերել է թերթը։
Իսրայելցի զինվորականները, ինչպես նշել է պարբերականը, հրաժարվել են հաստատել կամ հերքել այս թվերը, բայց, ինչպես նշել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցի Ռիչարդ Հեհթը, բանակային ստորաբաժանումները իրականացրել են գործողություն «այդ շրջանում, որպեսզի կանխեն ՀԱՄԱՍ-ի գործունեությունը, որն սպառնում է Իսրայելի քաղաքացիներին»։ Ինչպես անցած տարվա հոկտեմբերին հայտնել է Իսրայելի ներքին անվտանգության նախկին նախարար Ավի Դիհթերը (այժմ՝ գյուղատնետսության նախարար), «դա լինելու է ամենասեւեռուն ուշադրության գոտի, եւ ոչ ոքի չի հաջողվի մոտենալ Իսրայելի սահմանին»։





























