2023թ. խոշոր հարկատուների մեջ են մտել չորս լեռնարդյունահանող ընկերություններ, որոնք միասին վճարել են 30 մլրդ դրամի (75 մլն դոլար- խմբ.) հարկեր, այն դեպքում, երբ 2022թ. այդ ցուցակում ութ նման ընկերություն կար, որոնք վճարել են 90 մլրդ դրամ։ Այս մասին հունվարի 29-ի քննարկման ժամանակ ասել է Լեռնագործների եւ մետալուրգների միության ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Նա ավելացրել է, որ լուրջ ազդեցություն է ունեցել մի քանի տարվա ընթացքում հայկական դրամի ամրապնդումը։ «Բացասական ազդեցությունն իրենց վրա զգացել են բոլոր արտադրողները, այդ թվում արտահանողները, ինչպես նաեւ ՏՏ ոլորտը»,- նշել է Ջհանյանը։
Նա տեղեկացրել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն երրորդ տարին անընդմեջ առաջինն է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում, այն դեպքում, երբ 2014-2021թթ. ընկերությունն առաջատար եղել է ընդամենը մեկ անգամ։ «Նոր ղեկավարության գալուց հետո իրավիճակը փոխվեց, եւ ընկերությունը ձգտելու է պահել առաջատար դիրքերը»,- հավաստիացրել է փորձագետը։
Նա ցաննկալի է համարել երկարաժամկետ, որակյալ հիմքերի ստեղծումը երկրի տնտեսական աճի համար։ Ներկա աճը, նրա խոսքով, կարող է լինել կարճաժամկետ, եթե արտաքին իրավիճակը կտրուկ փոխվի։ «ՏՏ ոլորտը զգայուն է արտաքին փոփոխությունների հանդեպ, եւ եթե ինչ-որ սրացում սկսվի սահմանին, ապա այդ ոլորտի աշխատակիցների մեծ մասը կարող է արագ անցնել այլ երկրներ, ինչպես դա տեղի ունեցավ Ռուսաստանի դեպքում, եւ այդ ոլորտը Հայաստանի համար զրոյական նշանակություն կունենա։ Բանկային ոլորտը նույնպես զգայուն է եւ կապված է Ռուսաստանի շուրջ իրավիճակի հետ»,- ընդգծել է Վարդան Ջհանյանը։
Լեռնագործների եւ մետալուրգների միության ղեկավարը առաջարկել է ավելի ակտիվ զարգացնել արդյունաբերությունը եւ էներգետիկան, որոնք կարող են ապահովել երկարաժամկետ աճ։





























