Դեբեդի վարարելը նկատել ենք ժամը 23։30-ին, երբ գնում էինք գազալցակայան, կես ժամ անց վերադառնալիս ջուրն արդեն ավտոճանապարհին էր, մինչև փրկարարները հասան արդեն երկկողմանի փակվեց ճանապարհը։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Թումանյան համայնքի բնակիչ Ռոման Թորոսյանը, որը ականատես է եղել Դեբեդի վարարմանը։

«Թումանյանից է սկիզբ առել։ Սկսվել է ճանապարհամերձ հատվածից։ Երեկ՝ 23։30-իի սահմաններում ուզում էինք գնալ գազալցակայան, նկատեցինք, որ գետի հունը բարձրացել է, վերադառնալիս տեսանք, որ ջուրը հասել է ճանապարհին, զանգահարեցինք Փրկարար ծառայությանը, արագ արձագանքեցին ու եկան, բայց ավտոճանապարհն արդեն երկկողմանի փակվել էր։ Տեղ–տեղ փլուզումներ սկսեցին կեսգիշերին, Թումանյանի գազալցակայանի մոտ մեծ փլուզումներ եղան։ Դեբետի՝ կատաղի լինելը նորություն չէր, բայց այս մասշտաբների հունից դուրս գալն անսպասելի էր բոլորիս համար։ Թումանյան համայնքի դիրքը բարձրադիր է, մեզ մոտ վնասներ չի հասցրել, սակայն Ալավերդու հսկայական մասը ջրի տակ անցավ։ Մարդիկ անտրամադիր են, նայում են ավերածություններին, անհույս ու տխուր են»,- պատմեց Ռոման Թորոսյանը։

Ալավերդու բնակիչ Նոնա Խաչատրյանը պատմեց, իրենց թաղամաս տանող ճանապարհը ջրի տակ է. «Բոլորը հուսալքված ու տխուր են։ Շատերը անհանգստանում են, որ կապի չեն կարողանում դուրս գալ հարազատների հետ։ Ունենք թաղամաս՝ Սանահին կայարան թաղամաս, որտեղ վիճակն ավելի վատ է, մոտ 200 բնակչություն ունեցող թաղամաս է։ Մի պահ ենք դուրս եկել տնից։ Կապ չկար, ինտերնետ չկար, գազ, ջուր, լույս չկար։ Ժամը 8։30 դուրս եկանք ու տեսանք, որ քաղաքի ներքևի հատվածն արդեն ջրի տակ էր»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։

Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։  Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակակարումը: Հեղեղի հետևանքով կա 3 զոհ։