Ինդոնեզիան սկսել է կատարել հողի տակ միլիարդավոր տոննա ածխաթվի թաղման մասշտաբային միջազգային նախագծեր՝ մթնոլորտ արտանետումների կրճատման գլոբալ ջանքերի շրջանակում։ Առաջին նախագիծն արդեն իրականացվել է բրիտանական ВР ընկերության մասնակցությամբ Արեւմտյան Պապուա նահանգում (Նոր Գվինեա կղզի), տեղեկացրել է Nikkei ճապոնական թերթը։
Ստորգետնյա շերտերում կարելի է թաղել մինչեւ 1,8 մլրդ տոննա հեղուկացված ածխաթթու, որը հավաքվել է արդյունաբերական օբյեկտներում։ Նախագիծը պետք է գործի 2026 թվականից, ներդրումները գնահատվում են 2,6 մլրդ դոլարի չափով։ Ենթադրվում է, որ այստեղ կմղվի ածխաթթու՝ հավաքված Ինդոնեզիայում եւ արտասահմանում։
Ավելի մասշտաբային նախագիծ կիրականացվի Սումատրա կղզու հարավ-արեւելքում՝ ինդոնեզական ազգային նավթագազային Pertamina ընկերության եւ ամերիկյան նավթային Exxon Mobil ընկերության մասնակցությամբ։ Ստորգետնյա հանքերի վայրում կարելի է թաղել, ըստ թերթի, մինչեւ 3 մլրդ տոննա ածխաթթու։ Այն նախատեսվում է բերել հեղուկացված տեսքով, լցանավերով, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից։
Ածխաթթուն այս նախագծերի շրջանակում կմղվի բարձր ճնշման տակ, երկրի մակերեսից ավելի քան 1 000 մետր խորությամբ։ Մշակված նավթագազային հանքավայրերում եւ այլ հարմար ամայի վայրերում, մասնագետների հաշվարկներով, Ինդոնեզիայում կարելի է հետագայում թաղել մինչեւ 572 մլրդ տոննա ածխաթթու։ Ներկայում աշխարհում առկա պահեստարանները կարող են տեղավորել ընդամենը 69 մլն տոննա հեղուկացված ածխաթթվի երկօքսիդ, նշել է Nikkei-ը։




























