ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի 19–ամյա բնակչի կողմից նույն մարզի 37–ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք-Փոքր Մասրիկ միջգյուղական ճանապարհին՝ Փոքր Մասրիկ բնակավայրի գերեզմանատան մոտակայքում, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41 և 37–ամյա եղբայրների և նույն մարզի 45–ամյա բնակչի ու վերջինիս 19–ամյա որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել։ Վիճաբանության ընթացքում 41–ամյա տղամարդը, եղբոր հետ միասին, հարվածներ են հասցրել 45–ամյա տղամարդու և նրա որդու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ վերջինս, հիշյալ եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանցից մեկի՝ 37–ամյա տղամարդու կրծքավանդակի և որովայնի ձախ հատվածին, ինչպես նաև վերջինիս եղբոր որովայնի հատվածին։ Արդյունքում, 37–ամյա տղամարդը մահացել է, իսկ վերջինիս եղբորը պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 19–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 41–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (2 դրվագով): 19–ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 41–ամյա տղամարդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։