Տիկնա ՛յք եւ պարոնա ՛յք,
Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ հարգարժան գործընկերոջը՝ Հունգարիայի Հանրապետության Նախագահ Լասլո Շոյոմին, ինձ Հունգարիայում պետական այցով հյուրընկալելու համար։
Պարո՛ն Նախագահ,
Ձեր հյուրընկալությամբ եւ այս այցին պետականի կարգավիճակ տալով` Դուք շեշտեցիք հայ-հունգարական դարավոր բարեկամությունը Հայաստան-Հունգարիա միջպետական գործընկերության հարթություն տեղափոխելու Ձեր վճռականությունը։
Հայաստանը կարեւորում է Հունգարիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում։ Փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ Հունգարիայի հարգարժան Նախագահի հետ քննարկեցինք հայ-հունգարական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք միջազգային եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։ Նշեցինք քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը, տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունները, ինչպես նաեւ ընդգծեցինք հայ եւ հունգար ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության կարեւոր դերը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում։
Հաշվի առնելով, որ Հունգարիան ԵՄ անդամ երկիր է, իսկ Հայաստանն ընդգրկված է ԵՄ կառույցների հետ համագործակցության նախաձեռնություններում` երկուստեք համաձայնել ենք դիտարկելու նշված ձեւաչափերում, այդ թվում Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հնարավորությունները։
Մենք համոզված ենք, որ քիչ առաջ ստորագրված հաձայնագրերը կընդլայնեն երկկողմ համագործակցության շրջանակն ու նոր հնարավորություններ կստեղծեն փոխշահավետ գործակցության համար։ Դրանցից կուզենայի հատուկ առանձնացնել երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որը առեւտրատնտեսական համագործակցության հիմնարար փաստաթղթերից է։ Արդարադատության եւ գյուղատնտեսության ոլորտներում ստորագրված համաձայնագրերը եւս իրենց նպաստը կբերեն հայ-հունգարական բազմաբնույթ համագործակցության զարգացմանը։ Հուսով եմ նաեւ, որ մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի հետագա ծավալման համար էական խթան կհանդիսանան նաեւ այսօր Բուդապեշտում բացվելիք հայ-հունգարական գործարար համաժողովը եւ դրա շրջանակներում ձեռքբերված կապերն ու պայմանավորվածությունները։
Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել հունգարական արդարադատությանը, Բուդապեշտում հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի սպանության գործում ցուցաբերած աներկբա եւ արդարացի կեցվածքի համար։ Այն ժամանակ ես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էի, եւ այդ զազրելի ոճրագործությունը մինչեւ հոգու խորքը ցնցել էր ինձ. համոզված եմ` նաեւ յուրաքանչյուր նորմալ մարդու ողջ աշխարհում։ Ցավալի է եւ ողբերգական, որ նման նողկալի ոճիրը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հերոսություն։ Վստահ եմ, որ եթե չլիներ հունգարական արդարադատության նման հստակ որոշումը, այդօրինակ ոճրագործությունները շարունակություն կգտնեին նաեւ այլ պետություններում։
Հունգարիայի նախագահի հետ քննարկեցինք նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրներ, կարեւորելով կայունությունն ու համագործակցությունը, առկա հակամարտությունների կարգավորումը խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համաձայն։ Համոզմունք հայտնեցինք, որ հակամարտությունների կարգավորման նպատակը երկարաժամկետ եւ կայուն լուծումների ապահովումն է, ինչը հնարավոր է միայն դրանք մարդու իրավունքների եւ ժողովուրդների կամքի վրա խարսխելով եւ ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորելով։
Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Շոյոմին` Հայաստան այցելելու իմ հրավերն ընդունելու համար։ Վստահ եմ, որ Նախագահ Շոյոմի պատասխան այցը հնարավորություն կտա շարունակելու բարձր մակարդակի երկ-խոսությունը, ամփոփելու պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ նոր հեռանկարներ ուրվագծելու հայ-հունգարական բազմաբնույթ հարաբերությունների զարգացման ու խորացման համար։




























