Շատ հետազոտություններ ցույց են տվել վազքի օգտակարությունն առողջության համար, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական։ Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են International Journal of Environmental Research and Public Health ամսագրում, վազքի 548 սիրահարների մի շարք հարցեր են տվել, որպեսզի պարզեն նրանց նախասիրությունները եւ երկյուղները այս մարզաձեւով զբաղվելու ժամանակ։

Արահետով վազքի բոլոր սիրահարների (ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց) համար գլխավոր խնդիրը սայթաքելն է եղել կամ ընկնելը (55,1 տոկոս)։ Սակայն տղամարդկանց եւ կանանց վախերը տարբերվել են, երբ նրանց հարցրել են այլ մարդկանց կամ վայրի կենդանիների հետ բախվելու, ինչպես նաեւ արահետներին հեռախոսային կապը կորցնելու մասին։

Կանայք տեղեկացրել են, որ իրենք ավելի շատ վախենում են այլ մարդկանցից (38,9 տոկոս) եւ լուսաններից (32,4 տոկոս), քան տղամարդիկ (12,6 եւ 21,2 համապատասխանաբար)։ Բացի այդ, կանանց 50,8 տոկոսը ավելի շատ է անհանգստանում կապի կորստից, տղամարդկանց 33,8 տոկոսի համեմատ։

«Ես կարծում եմ, որ  կանայք պարզապես ավելի շատ են անհանգստանում իրենց անվտանգությամբ, քան տղամարդիկ, եւ դրա համար ծանրակշիռ պատճառներ կան,- բացատրել է աշխատանքի առաջատար հետազոտող, պրոֆեսոր Նադին Շուրմանը։- Մենք բոլորս նորություններում տեսնում ենք տեղեկություններ կանանց սպառնալիքների մասին»։

Երկյուղներից բացի, հետազոտողները նաեւ հարցրել են վազողների նախասիրությունների մասին տեղանքի եւ այլ գործոնների վերաբերյալ։ Հարցվողների մեծ մասը նախընտրում է ալիքաձեւ արահետները (57,2 տոկոս), ոչ թե զառիթափ (22,6 տոկոս) կամ բավական հարթ երթուղիները (16,3 տոկոս)։ Նրանք նաեւ նախընտրում են «հղկված» արահետները (56,0 տոկոս), այլ ոչ թե քարոտ տեղանքը (40,3 տոկոս)։

Այս աշխատանքը վերջինն է հետազոտությունների շարքում՝ նվիրված «վազքի հարմարությունների» տարբեր գործոնների ուսումնասիրմանը՝ տերմին, որը հետազոտողները հորինել են շրջակա միջավայրի առանձնահատկությունների քանակական գնահատման համար, որոնք նպաստում կամ խանգարում են վազքին՝ որպես հանգստի կամ մարզական գործունեության տեսակի։