Կանադուհին, որն իր աղջիկներին էսկիմոսներ է ներկայացրել, դատապարտվել է երեք տարվա բանտարկության, ինչը պատմության մեջ առաջին դատավճիռն է որպես բնիկ ժողովրդի ներկայացուցիչ հանդես գալու եւ անձը կեղծելու համար, գրել են կանադական ԶԼՄ-ները։

Քարիմա Մանջին, որի աղջիկները ավելի քան 150 000 կանադական դոլարի նպաստներ են ստացել՝ նախատեսված էսկիմոսների համար, հինգշաբթի դատապարտվել է, այն բանից հետո, երբ փետրվարին իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։ Վերջին տարիներին Կանադան բախվել է այնպիսի գործերի ալիքի, որոնցում մարդիկ հայտարարել են, որ պատկանում են բնիկ ժողովուրդներին։

Toronto Time-ի տեղեկացմամբ՝ Տորոնտոյի բնակչուհի Քարիմա Մանջին 2016թ. դուստրերի՝ Ամիրայի եւ Նադյայի փաստաթղթերը հանձնել է, որպեսզի էսկիմոս լինելու փաստը հաստատող վկայականներ ստանա։

Կանադայի էսկիմոս բնակչությունը, որը մոտ 70 000 է, հիմնականում ապրում է Նունանգատում, իրենց հյուսիսային ընդարձակ հայրենիքում, որի մակերեսը կազմում է ավելի քան 3 մլն քառակուսի կիլոմետր։

59-ամյա Մանջին կարճ ժամանակ ապրել է Իկալուիտայում, տարածքի մայրաքաղաքում, 1990-ականներին։ Բայց նրա աղջիկները ծնվել են Օնտարիոյում եւ ոչ մի կապ չունեն էսկիմոսների հետ։

Մանջին, մոլորեցնելու համար, հայտնել է, որ որդեգրել է աղջիկներին, որոնք ծնվել են բնիկ ժողովրդի ներկայացուցչից, որի անունն է Քիտի Նոա։

Չնայած հանրույթի անդամները ստուգում են իրականացրել, Մանջիի հայտարարությունը արժանացել է Nunavut Tunngavik Incorporated-ի (NTI) հավանությանը, որը հսկում է այդ գործընթացը։ Ամիրան եւ Նադյան, որոնք այդ պահին 18 տարեկան էին, արագ օգտվել են իրենց նոր ձեռք բերած վկայականներից, որպեսզի Կակիվակ ասոցիացիայի փողերի հասանելիություն ստանան որպես էսկիմոսներ։ Դատական փաստաթղթերում ասոցիացիան նկարագրվում է որպես «կազմակերպություն, որը սպասարկում է էսկիմոսներին... Baffin Inuit-ի հովանավորչական միջոցներ տրամադրելու միջոցով՝ կրթության հետ կապված ծախսերը հոգալու համար»։

2020թ. սեպտեմբեր-2023թ. մարտ ընթացքում Նադյան եւ Ամիրան ստացել են 158 254,05 կանադական դոլարի նպաստ Նունավուտայի կազմակերպությունից, ըստ համաձայնեցված փաստերի ներկայացման։ Եվս 64 413 կանադական դոլար նախատեսվել է Ամիրա Գիլի համար 2023թ. գարնանը, բայց չի վճարվել։