Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի 2Բ շենքի բնակիչներն անելանելի դրության մեջ են հայտնվել. շենքի տանիքն անմխիթար վիճակում է, անձրևաջրերը մինչև առաջին հարկ են հասնում: NEWS.am-ի հետ զրույցում շենքի 9-րդ հարկի բնակիչ Սուսաննա Եսայանը պատմում է՝ օրեր առաջ տեղացած անձրևը խարխլել է առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող շենքը: «Ահավոր էր, ոնց որ բաց երկնքի տակ լինեինք, երեխեքը չգիտեին, որ պատի տակ կանգնեին, որ չթրջվեին:

Տանը չոր հատված չէր մնացել: Մեկ տարի առաջ ամուսինս էր շենքի մի քանի բնակչի հետ վերանորոգել տանիքը, թիթեղներ տեղադրել, բայց մեր թաղամասը քամոտ է, քամին թիթեղները քշել տարել էր»,- պատմում է բնակչուհին՝ հավելելով, որ ինքը 3 անչափահաս երեխա ունի և հնարավորություն չունի վերանորոգելու անձրևից վնասված բնակարանը: Սուսաննա Եսայանն ասում է՝ բնակարանը ձեռք բերելուց հետո հազիվ էին պատերը սպիտակեցրել ու մինիմալ պայմաններ ստեղծել ապրելու համար, հիմա չգիտեն՝ ինչպես գոնե նախկին տեսքին բերեն տունը: «Մեր շենքի տանիքը պետք է բետոն լինի, խնդրի լուծման այլ տարբերակ չկա: Քաղաքապետարանի աշխատակիցները մեր բողոքներից հետո եկան, տեսան՝ ինչ է կատարվում, ասացին՝ հաջորդ շաբաթ կգանք, կվերանորոգենք, նորից թիթեղներ կդնենք: Մենք էլ ասացինք, որ թիթեղներով հարցը չի լուծվի: Ասում են՝ տանիքը հիմնանորոգել չենք կարող, 25 մլն դրամ է հարկավոր»,- ասում է Սուսաննա Եսայանը։

Նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ Գուրգեն Բուռնուչյանի խոսքով էլ, ոչ միայն 9-րդ հարկի բնակիչներն են տուժել, այլև ամբողջ շենքի. «Ջուրը մինչև նկուղ է հասել: Աձրևի ժամանակ տանը չէի, վերադարձա տուն, վերելակից դուրս եկա, տեսա ամբողջ շքամուտքը ջուր է: Մտա տուն, տեսա, որ լոգասենյակի առաստաղից էլ է կաթում: Նկուղում էլ 30-50 սմ ջուր էր հավաքվել: Պատերազմից հետո պետք է գոնե պարզ լիներ, որ նկուղը չի կարելի այդ վիճակում թողնել, մեզ ապաստարան պե՞տք չէ»,-պատմում է բնակիչը: Գուրգեն Բուռնուչյանի խոսքով, առաջին անգամը չէ, երբ նման խնդիր է առաջանում․ «Ամեն անգամ երբ անձրև է գալիս, գիտեմ, որ լոգասենյակի առաստաղից սկսելու է կաթալ ջուրը, հետո էլ հոսանքի լարերն են վնասվելու: Այդ օրը տեղացած անձրևի ժամանակ նաև հոսանքն էր անջատվել»,-պատմում է նա: Շենքի բնակիչների խոսքով, քաղաքապետարանի աշխատակիցները խոստացել են մեկ շաբաթվա ընթացքում փոխել տանիքի թիթեղները, բայց նշել են, որ տանիքի հիմնանորոգման համար գումար չեն կարող հատկացնել:






























