Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի Այգիներ փողոցի բնակիչներն ահազանգում են, որ ամռան սկզբից մինչև հիմա ոռոգման ջուր չունեն, այդպիսով չեն կարողանում ջրել տնամերձ այգիները: NEWS.am-ին թաղամասի բնակիչ Գրիգոր Թովմասյանը պատմում է, որ նախորդ տարի էլ ամռանն էլ ընդամենը մեկ ամիս են ոռոգման ջուր ունեցել:  «Անցյալ տարի խողովակները խցանված էին, մի ամիս այդպես մնաց, բողոքեցինք, բացեցին: Հետո ամառվա վերջին նորից խցանվեց, ու այդպես էլ մինչև հիմա չեն բացել: Այս տարի ասֆալտապատման աշխատանքներ էին իրականացնում, այսինքն՝ փողոցը այսպես թե այնպես քանդված էր, խողովակների համար առանձին քանդելու կարիք չկար, ասացի, որ եթե խնդիրը խողովակ գնելն է, կարող ենք բնակիչներով գումար հավաքել, գնել: Ասացին՝ կարիք չկա, մեր գործն է, մենք էլ կանենք:

Բայց ո՛չ խողովակները փոխեցին, ո՛չ էլ խցանումը բացեցին»,- ասաց թաղամասի 65-ամյա բնակիչը: Գրիգոր Թովմասյանի խոսքով, այդ խողովակներից օգտվում էին նաև Արմենակյան փողոցի մի քանի տների բնակիչները:  «Մենք այդքան հարկ ենք վճարում, չե՞ն կարողանում մի աննշան գումար հատկացնել խողովակները փոխելու համար, որ մենք էլ կարողանանք մեր այգիները ոռոգել»,-ասաց նա:

Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը NEWS.am-ին հայտնեց, որ խնդրին ծանոթ է, սակայն այս տարի ոչինչ անել չի կարող, քանի որ ծախսը բյուջեով նախատեսված չէ: «Նախկինում ոռոգման ապօրինի ջրագծեր են տարվել, որոնք չեն սպասարկվում ո՛չ Կանաչապատմում ՀՈԱԿ-ի, ո՛չ էլ Ջրային կոմիտեի կողմից:

Ժամանակին եղել է ոչ պետական միջնորդ կազմակերպություն, որը Ջրային կոմիտեից գնել է ջուրը ու վերավաճառել բնակիչներին: Հիմա այդ կազմակերպությունը չի գործում, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ն էլ այդ ջրագիծը չի ընդունում, ասում է՝ ստանդարտներին չհամապատասխանող ջրագիծ է: Հիմա պետք է այդ խողովակները համապատասխանեցնենք ստանդարտներին ու հանձնենք ՀՈԱԿ-ին: Ուղղակի այս տարի հասցրել ենք անել այն, ինչի համար գումար ունեցել ենք, մնացածը պետք է հաջորդ տարի անենք»,-ասաց Միքայել Օհանյանը:  Խոսելով այն մասին, որ բնակիչներն առաջարկում են սեփական միջոցներով խողովակներ գնել, վարչական ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ կարող բնակիչներին ասել՝ գնացեք, խողովակ գնեք, այս անգամ էլ ապօրինի ջրագիծ կառուցեք:

Ջրագիծը պետք է ստանդարտներին համապատասխան լինի, դրա համար էլ նախագիծ է հարկավոր: Քանի որ Արմենակյան փողոցում ասֆալտտապատում էր իրականացվում, այդ հատվածով անցնող խողովակները փոխել ենք, հիմա պետք է սպասենք, որ նախահաշվարկ իրականացվի, հասկանանք՝ որքան գումար է անհրաժեշտ մնացած հատվածներում խնդիրը լուծելու համար»: