Մենք հիմա Երեւանում տրանսպորտի տոմսային համակարգի ներդրման փորձարկման փուլում ենք գտնվում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ նոր տոմսային համակարգին Երեւանը կանցնի հունվարի 1-ից:

«Այդ տոմսային համակարգի ներդրման հետ կապված խնդիրներն ենք վեր հանում եւ լուծում մինչեւ ամբողջական համակարգի ներդրումը: մենք այս ընթացքում ունենալու ենք հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու: Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտի միջոցով տոմսը միանգամից գնելու կամ դրա փոխարեն վճարում անելու: Նաեւ ունենալու ենք տոմսային քարտերի հնարավորությունը:  Մենք ուզում ենք, որ ամբողջ համակարգը պատրաստ լինի, որպեսզի մենք վստահ լինենք, որ բոլոր խնդիրները լուծված են եւ հունվարի 1-ից նոր համակարգը ներդրվում է»,-ասաց քաղաքապետը:

Ինչ վերաբերում է ուղեվարձի թանկացմանը, Ավինյանն ասաց. «Նոր համակարգն ամբողջապես նոր տրամաբանություն ունի, այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից, իրենց համար գուցե ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար կարող է ավելի թանկ լինել»: