Ուկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը, քանի դեռ Վարշավայի և Կիևի միջև Վոլինի ջարդերի հարցը չի լուծվել, Polsat հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը ։

Նա նշել է, որ Լեհաստանն աջակցում է Ուկրաինային, որքան կարող է, քանի որ դա անվտանգության խնդիր է համայն Եվրոպայի համար։ Սակայն Վարշավայի և Կիևի հարաբերություններում «ամեն ինչ չէ, որ կատարյալ է»՝ չլուծված պատմական խնդիրների պատճառով, որոնք պատերազմի ավարտից հետո իրական քաղաքականության մաս կդառնան, նշել է Կոսինյակ-Կամիշը։

Վոլինի կոտորած են կոչում 1942–1943 թվականների Արևմտյան Ուկրաինայի տարածքում ծավալված իրադարձությունները։ Այն ժամանակ ուկրաինական ազգայնականների կազմակերպության տեղական ղեկավարության հրամանով սպանվել են էթնիկ լեհերը, որոնք մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումն ապրել են ժամանակակից Վոլինի շրջանի տարածքում: Լեհական կողմը սպանվածների թիվը գնահատում է 50–100 հազար մարդ։

2016 թվականին Լեհաստանի Սեյմը Վոլինի ջարդերը ճանաչել է որպես ցեղասպանություն և որոշել հուլիսի 11-ը համարել այս իրադարձությունների զոհերի հիշատակի օր։ 2018 թվականին այն Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Լեհաստանի և Ուկրաինայի ժողովուրդների հաշտեցման հիմնական պայմանը պետք է լինի Վոլինի ջարդերի մասին ճշմարտության ճանաչումը։

2023 թվականի մայիսին Վարշավայում Ուկրաինայի գործող դեսպան Վասիլի Զվարիչը հայտարարել է, որ անընդունելի են լեհերի անցյալի առնչությամբ երկրին պարտադրելու ցանկացած փորձ, թե ինչ պետք է անեն ուկրաինացիները։ Զվարիչը նշել է, որ Ուկրաինան հիշում է պատմությունը և պատրաստ է երկխոսության, սակայն Վարշավան Վոլինի ջարդերի հարցում պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի։

Նույն տարվա նոյեմբերին Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել է, որ առանց Ուկրաինայում լեհերի աճյունների արտաշիրիմման հարցը լուծելու՝ Կիևը «պատճառ չունի երազելու ԵՄ-ին անդամակցելու մասին» և չպետք է հույս դնի Վարշավայի հետ երկարաժամկետ հաշտեցման վրա։