Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հաստատեց Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը:
Սույն ծրագրի նպատակն է մոնիթորինգի ենթարկել Հայաստանում արտադրվող բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները:
Զարգացող երկրներում մնացորդների մոնիթորինգի ծրագրերն ունեն առավելապես արտահանմանը նպատակաուղղված արտադրությունների զարգացման նպատակ և հանդիսանում են միջազգային առևտրի խոչընդոտների հաղթահարման միջոց, միաժամանակ սույն տվյալները կարող են օգտագործվել ազգաբնակչության առողջության ռիսկի գնահատման նպատակով:
Այսօր ՀՀ-ում առաջնային արտադրությունում որակի կառավարման նախադրյալ ծրագրեր չեն կիրառվում, այդ իսկ պատճառով պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման օրինակելի ձևաչափեր չկան, ինչը ռիսկային գործոն է:
Դեռևս 1970 թվականի սկզբներին Հայաստանում արգելվել է վտանգավոր քլորօրգանական պեստիցիդների օգտագործումը, ինչը հանգեցրել է հանրապետության տարածքում ժամկետանց և արգելված պեստիցիդների պաշարների կուտակմանը։ 80-ականների սկզբին դրանց թաղման համար Հայաստանում առանձնացվել է հատուկ տարածք։ Ստեղծվել է արտակարգ իրավիճակ: Տարածքը գտնվում է սողանքային գոտում, հողը սահում է, վտանգավոր նյութերն էլ հասնում են հարակից բնակավայրեր, որտեղ կան գյուղատնտեսական նշանակության հողեր և որտեղ զբաղվում են հողագործությամբ:
Նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է բյուջեում ծախսերի ավելացում՝ 45 մլն դրամի չափով։
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը կարեւորեց այս որոշման ընդունումը, նշելով, որ այն կբարձրացնի արտահանվող հայկական ապրանքների մրցունակության մակարդակը. «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, որ այն բուսական ծագման ապրանքները, որ ՀՀ-ից դուրս են գալիս, ունենան բարձր որակ, բարձր մրցունակություն, եւ այստեղ կարեւոր է, որ մնացորդային նյութերի ԳՄՈ նյութերի քանակն այդ մթերքներում չլինեն սահմանված նորմերից բարձր: Սա նաեւ մեր քաղաքացիների առողջությանն է վերաբերում, ոչ միայն արտահանման մասին է: Պետությունը պետք է հատշաճ հոգ տանի դրա մասին, եւ այս նախագիծը այդ հարցն է նաեւ լուծում»,--ասաց Պապոյանը:





























