Փաստաբան Սերգեյ Հարությունյանի և իր պաշտպանյալների համար անակնկալ չէր «Զարյա 3»-ի կիրառումը օրինականացնելու որոշումը։ NEWS.am-ի հետ զրույցում Հարությունյանն ասում է՝ չնայած օրենքը հետադարձ ուժ չի ունենալու, սակայն առաջիկայում էլ սպասվում են ակցիաներ, և գուցե նպատակը «Զարյա 3»-ը հետագայում օրինական ճանապարհով կիրառելն է։
«Առաջին հերթին հասկանալով որ այդ օրվա գործողությունների, անհամաչափ գործողությունների, ոչ իրավաչափ գործիքակազմ կիրառելու, մասնավորապես «Զարյա 3» կիրառելու հետևանքով ունեինք 100-ի մոտ վիրավորներ, դրա հետևանքով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն այն անձինք որոնք այդ ապօրինի հրամանը տվել են։ Հիմա փորձում են հետին թվով օրինականացնել հրաման տվողների և գործողություն կատարողների ոչ իրավաչափ, ապօրինի գործողությունները։
Իրենք էլ են լավ հասկանում, որ հաջորդիվ ունեն ցավալի զիջումներ անելու, երկրում ըմբոստություն կառաջանա, աշնանն ավելի թեժ է լինելու, հիմիկվանից նախապատրաստական գործողություններ են իրականացնում, որպեսզի կարողանան կանխարգելել»,- նշեց փաստաբանը։
Նա նշեց, որ նախարար այս որոշմամբ ստացվում է՝ ոստիկաններն այժմ հնարավորություն ունեն ահաբեկիչների դեմ գործողություն անելու համար նախատեսված նռնակը կիրառել խաղաղ բնակչության դեմ․ «Չեմ բացառում, որ մի օր F1 նռնակն էլ թույլատրվի կիրառել խաղաղ բնակչության դեմ»։
Փաստաբանի խոսքով՝ այժմ տարբեր գերատեսչություններ հունիսի 12-ի հրամանն օրինականանցելու նպատակով պատրաստ են հիմա ապօրինություններ կատարել․ «Զարմանալի է, որ առողջապահության նախարարը լինելով իրավաբան և շատ լավ հասկանալով հետագա իրավական հետևանքները, մտնում է այս քայլի տակ։ Իրենք պասերով են աշխատում, իրենց թվում է, թե իրենց բան չի պատահի՝ մոռանալով Աննա Դանիբեկյանի կամ Էկոնոմիկայի նախարարի դեպքերը»։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին արգելված հատուկ միջոցի կիրառման հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն պաշտոնապես չի հայտարարվել այդ նռնակի կիրառման մասին։ Իրավապահները զուգահեռ վարույթ են նախաձեռնել զանգվածային անկարգություններ կատարելու դեպքով ու այժմ կալանքի տակ է 12 անձ, իսկ ոստիկաններից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Քննչական կոմիտեն նախաքննությունից կարճ ժամանակ անց նախաքննության ավարտ հայտարարեց ու ուղարկեց այն դատախազություն։





























