Կարող է ոստիկանությունը տեղեկացված լինել բռնության մասին, բայց չազդարարել խնամակալության ու հոգաբարձության մարմնին: Այս մասին, այսօր՝ «Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում. ո՞րն է իրավական գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
«Այս տարի «Կանանց աջակցման կենտրոնը» դիտարկել է երեխաների հանդեպ կիրառված բռնության բավական մեծ ծավալ, դա կարող է լինել սեռական բռնությունից մինչև ֆիզիկական՝ մարմնական պատիժներ, անտեսում: Այդ ուղղությամբ մենք երկար աշխատում ենք, որ խնամակալության մարմիններն ադեկվատ որոշումներ կայացնեն»,- ասաց Հովհաննիսյանը:
«Պատկերացրեք, Հայաստանում նույնիսկ ոստիկանները շարունակում են առաջնորդվել «հայրական ապտակ», «ծեծը դրախտից է եկել» ասացվածքներով»,- նշատեց նա՝ հավելելով, որ երեխան խոցելի խումբ է, որը մեծահասակներից պաշտպանություն է հայցում։
«Երբ խաթարվում է մեծահասակների ու երեխաների միջև վստահությունը, ամբողջությամբ խաթարվում են աշխարհի վերաբերյալ նրա ընկալումները, պատկերացումները։ Արդյունքում մեծանում է տրավմատիկ անձ, որը ընդունում է՝ ինքը թույլ է, անընդհատ պետք է ծեծ ուտի կամ էլ պետք է իրենից թույլին բռնության ենթարկի։
Շատ կարևոր է, որ մեծահասակները շատ ուշադիր լինեն։ Ի՞նչ է նշանակում ծնողը չի բողոքում։ Ախր ծնողն առաջին պաշտպանն է երեխայի։ Եթե վաղը երեխան հանդիպի սեռական բռնության, չի բարձրաձայնի այդ մասին, քանի որ չի տեսել մարմնական պատժի, ֆիզիկական բռնության դեպքում արձագանքը, նա կդադարի վստահել նման մեծահասակին»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, բռնության համատարած թույլատրելիությունն անընդունելի է. «Պետք է փոխենք մեր պատկերացումները։ երեխան պետք է պաշտպանված լինի դրսում, երեխան պետք է պաշտպանված լինի տանը։ Շատ հաճախ ասում են՝ ես էլ եմ բռնություն կիրառում, մի մամա էլ դաստիարակն է։ Բռնության համատարած թույլատրելիությունն անընդունելի է։ Հայաստանում մանկապարտեզներում ծեծը եզակի օրինակ չէ»։




























