Հայհոյանքը ցավազրկող ազդեցություն ունի, բայց միայն չափավոր օգտագործման դեպքում: «Նորմայից ավելի» հայհոյանք օգտագործելիս այդ էֆեկտը կորում է:Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի Կիլտի համալսարանի գիտնականները, ովքեր մի շարք փորձեր են կատարել, թե ով է սովորական պայմաններում իրեն պարկեշտության սահմաններում պահում եւ ում համարէ հայհոյանքը կյանքի նորմա:

Բոլորին է հայտնի, որ ուժեղ ցավի կամ սթրեսի ժամանակ այլոց մայրիկներին հիշում են նույնիսկ դաստիարակված մարդիկ:

Հոգեբանների փոխանցմամբ, սառցակալած ջրում ավելի երկար է կարողանում մնալ այն մարդը, ով այդ ընթացքում հայհոյում ու անիծում էր իրեն այդտեղ մտցնողին (չեզոք արտահայտությունները չեն օգնում): Բայց հայհոյանքը կորցնում է իր «ուժը», եթե այն օգտագործում ես օրական շուրջ 60 անգամ:

Ցավազրկման այս մեխանիզմը գիտնականներին այնքան էլ պարզ չէ: Ըստ ամենայնի, հայհոյանքը նպաստում է ագրեսիայի ու չարության դուրս մղմանը, որոնք էլ, որպես կանոն, սթրեսի ու ցավի զգացողության պատճառն են, գրում է MIGnews.com-ը:

Սթրեսի ժամանակ տեղի է ունենում ադրենալինի արտազատում, որը թույլ է տալիս ուշադրություն չդարձնել ցավին: Հայհոյանքն ազդում է ուղեղի ավելի խորը գոտիների վրա, քան սովորական խոսքը:

Իսկ եթե մարդու համար հայհոյանքը սովորական երեւույթ է, նրա էմոցիոնալ արձագանքն այդպիսի արտահայտությունների նկատմամբ թուլանում է, համապատասխանաբար, թուլանում է նաեւ ցավազրկող էֆեկտը: