Ֆինլանդիայի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ թեև էլեկտրական ավտոմեքենաներն ավելի քիչ ածխաթթու գազ են արտանետում, քան մյուս մեքենաները, ընդսմին դրանց վարորդներն ավելի շատ աղտոտիչ նյութեր են արտանետում մթնոլորտ, քան բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաները:

Պատճառն, ըստ հետազոտողների, այն է, որ էլեկտրական ավտոմեքենաները, որպես կանոն, ավելի թանկ են, քան բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաները: Դա նշանակում է, որ դրանք շատ տնային տնտեսությունների բյուջեներից դուրս են և հիմնականում սահմանափակվում են այն մարդկանց շրջանակով, որոնց այսպես կոչված «ածխածնի հետքն» ավելի մեծ է, քան ընդհանուր բնակչությանը, քանի որ ավելի շատ փող ունեն:

PLOS Climate ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները նշել են, որ էլեկտրական ավտոմեքենաների սեփականատերերը միջինում ավելի հարուստ են, ավելի շատ են ավտոմեքենա վարում, քան բնակչությունն ընդհանուր առմամբ և թողնում են միջինից բարձր «ածխածնի հետք»՝ իրենց տրամադրության տակ եղած ավելի բարձր եկամտի պատճառով»:

Տուրկուի համալսարանի գիտնականները Ֆինլանդիայում հարցում են անցկացրել գրեթե 4000 մարդու շրջանում:

Հարցման արդյուքներն ամփոփելուց հետո գիտնականները հանգել են եզրակացությանը, որ «գնման բարձր գինն ընկալվում է որպես էլեկտրական ավտոմեքենաների հիմնական թերություններից մեկը»։

Որոշ փորձագետների կարծիքով՝ էլեկտրական ավտոմեքենաները կարող են ավելի վնասակար լինել, քան բենզինով և դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաները։

Թեև էլեկտրական ավտոմեքենաները նորքին այրման շարժիչի բացակայության շնորհիվ արտանետումներ չեն անում, սակայն էլեկտրաէներգիայով պայմանավորված, դրանք դեռ կարող են արտանետել որոշ քանակի ածխաթթու գազ (CO2): Բացի դրանից, արտադրության բարդ գործընթացի պատճառով էլեկտրական ավտոմեքենան ավելի շատ CO2 է արտանետում, քան ներքին այրման շարժիչով աշխատող ավտոմեքենան։