Honda Motor ավտոարտադրողը չորեքշաբթի հայտարարել է, որ Հյուսիսային Ամերիկայից հետ է կանչում 2 միլիոն ավտոմեքենա և ամենագնաց՝ խնդրի պատճառով, որը կարող է դժվարացնել ավտոմեքենա վարելը և մեծացնել վթարի վտանգը, հայտնում է Reuters-ը։

Ճապոնական ավտոարտադրողը հետ է կանչում 2022-2025 թվականների արտադրության տարբեր մոդելների ավտոմեքենաներ, դրանց թվում՝ Civic և Civic Type R, CR-V, HR-V և Acura Integra և Integra Type S մոդելները, որոնք 2021 թվականից ի վեր այս խնդրի առնչությամբ 10 հազար 328 հայտ են ստացել: Հետկանչն ընդգրկում է 1,7 միլիոն ավտոմեքենա ԱՄՆ-ում, 240 հազարը՝ Կանադայում և 58 հազարը՝ Մեքսիկայում:

Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը 2023 թվականի մարտին հետաքննություն է սկսել և նույն տարվա նոյեմբերին թարմացրել իր բացահայտումները: Չի բացառվում, որ թողարկելիս ղեկի ռեդուկտորը (պտույտափոխանցիչ) սխալ է հավաքվել, ինչը կարող է չափազանց ներքին շփում և ավտոմեքենան վարելիս դժվարություն առաջացնել, հանգեցնել անբնական աղմուկի կամ ղեկի կառավարման բարդության: Դիլերները ռեդուկտորի մաշված զսպանակը կփոխարինեն ավելի կատարելագործված պահեստամասով և անհրաժեշտության դեպքում քսանյութ կավելացնեն: Honda-ն նախատեսում է մինչև նոյեմբերի կեսը ծանուցել ավտոմեքենայի սեփականատերերին:

Վարորդները զեկուցել են «ղեկի արգելափակմանն» առնչվող խնդիրների մասին, որոնք առաջացել են հիմնականում մայրուղու արագության դեպքում՝ երկար վարելուց հետո: Գանգատների մեծ մասում ասվում էր, որ խնդիրն առաջացել է, երբ մեքենան ցածր վազանցում է ունեցել:

Անցյալ տարի NHTSA-ն հայտնել էր, որ խնդրին առնչվող վթարի վերաբերյալ 13 հաղորդումներ է ստացել: