Հայկական ԱԷԿ-ի արդիականացումից հետո էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 10-12 տոկոսով։ Այս մասին «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման եւ տեղի արդյունաբերության ներգրավման վերաբերյալ» թեմայով սեմինարում հոկտեմբերի 17-ին հայտնել է «Ռուսատոմ» սերվիս» բաժնետիրական ընկերության համալիր նախագծերի վարչության պետ Յուրի Սվիրիդենկոն։

Նա նշել է, որ «Ռուսատոմ» սերվիս»-ը Հայաստանում աշխատում է արդեն 10 տարի։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում երկարացվել է կայանի շահագործման ժամկետը մինչեւ 2026թ. եւ արդիականացվել է ԱԷԿ-ը։ «Բացի այդ,  իրականացվում է կայանի սպասարկունը, կատարվում է նրա շահագործման ժամկետի երկրորդ  երկարացման աշխատանքը՝ մինչեւ 2036թ.»,- ավելացրել է նա։

Սվիրիդենկոն նշել է, որ 2015-2021թթ. Ռուսաստանի վարկային եւ Հայաստանի կառավարության միջոցներով իրականացվել է  250 մլն դոլար բյուջեով նախագիծ։ Նա ընդգծել է, որ կատարված աշխատանքների շնորհիվ ապահովվել է Հայաստանի էներգաանվտանգությունը։

«Հայաստանում մեր գործունեության ընթացքում նորոգվել է 16 կիլոմետր երկաթուղի։ Բացի այդ, իրականացվել են կրթական եւ սոցիալական նախագծեր»,- ամփոփել է Յուրի Սվիրիդենկոն։