Հայկական արդյունաբերական ընկերությունների ներգրավման մակարդակը նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծին կախված է ծրագրի ֆինանսավորման մակարդակից, ընկերությունները պետք է  ունենան բավականաչափ մարդկային եւ տեխնիկական ռեսուրս մատակարարումների ժամկետների ապահովման համար։ Այս մասին «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման եւ տեղի արդյունաբերության ներգրավման վերաբերյալ» թեմայով սեմինարում հոկտեմբերի 17-ին հայտնել է արժեքի գնահատման փորձագետ Միխայիլ Պելիխը։

Նա ավելացրել է, որ ընկերությունները պետք է հետեւեն կիրառվող նորմերին եւ չափորոշիչներին, տեղի մատակարարների գները պետք է մրցունակ լինեն, որպեսզի ապահովեն  տնտեսական շահ, ինչպես ԱԷԿ պատվիրատուի, այնպես էլ գլխավոր կապալառուի համար։ «Ընկերությունները պետք է տվյալների փոխանակման գաղտնիություն ապահովեն եւ հետեւեն արտահանման վերահսկման կանոններին, որոնք կիրառվում են միջուկային էնեորգետիկայի նախագծերի հանդեպ»,- պարզաբանել է Պելիխը։

Նա նշել է, որ մեծ հզորությամբ ԱԷԿ-ի կառուցումը սովորաբար տեւում է մոտ 5 տարի։ «Մեծ հզորությամբ ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի 12 հազար խորանարդ մետր երկաթբետոն, 10 հազար տոննա պողպատե կառույց, 300 հազար խորանարդ մետր ապրանքային բետոն, 120 հազար տոննա ցեմենտ, 390 հազար տոննա ավազ»,- նշել է փորձագետը։