Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները կարողացել են արձանագրել մարդու գենոմի ամբողջ հաջորդականությունը հնգչափ կամ 5D՝ Հիշողության բյուրեղի վրա:

Հիշողության բյուրեղը տեղեկության նորարարական կրիչ է, որն ունակ է միլիարդավոր տարիներ մինչև 360 տերաբայթ տվյալներ պահպանել:

Ըստ «Научная Россия» պորտալի, հետազոտողները հույս ունեն, որ «հավերժության բյուրեղը» մարդկությանը կօգնի կյանքի կոչել իր հիպոթետիկ անհետացումից հետո «հազարավոր, միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր տարիներ անց, եթե գիտությունը դրա հնարավորությունն ընձեռի»,-ասված է համալսարանի կայքում: Նույն կերպ կարելի է պահպանել անհետացող բույսերի և կենդանատեսակների գենոմները։

5D Բյուրեղը 2014 թվականին մշակել է Օպտոէլեկտրոնիկայի հետազոտական ​​կենտրոնի (ORC) թիմը՝ Պյոտր Կազանսկու գլխավորությամբ: Բյուրեղի հատկությունները համարժեք են արտաքին ազդեցությունների նկատմամբ ամենադիմացկուն նյութերից մեկին՝ հալած կվարցին: Այսպիսով, այն ի վիճակի է դիմակայել ծայրահեղ ջերմաստիճաններին, ուղիղ հարվածային բեռներին մինչև 10 տոննա/քառ սմ-ում և տևական տիեզերական ճառագայթմանը: Իսկ 2014 թվականին գյուտը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ իբրև տեղեկության ամենադիմացկուն հարատև կրիչ։

Եվ այս աշնանը հայտնի դարձավ, որ բրիտանացիներն իրենց մետաղադրամի մեծության հրաշք բյուրեղի վրա արձանագրել են ամբողջ մարդկային գենոմը, որը բաղկացած է 3 միլիարդ նուկլեոտիդներից կամ «տառերից»: Դա հնարավոր է դարձել ձայնագրման հատուկ տեխնոլոգիայի և բուն նյութի կառուցվածքի շնորհիվ: Օգտագործելով գերարագ լազեր, գենոմի յուրաքանչյուր «տառը» պահպանվել է մինչև 20 նմ չափի նանոկառուցվածքով բյուրեղային ամայություններում: Ինչ վերաբերում է «5D» անվանմանը, դա նշանակում է 3 տարածական կոորդինատներ և երկու օպտիկական չափումներ՝ կրիչի ամբողջ ծավալով ձայնագրելու համար: Դրա տվյալները հնարավոր է կարդալ՝ օգտագործելով օպտիկական մանրադիտակ և բևեռացնող գործիք:

Գիտնականները խոստովանում են, որ միայն գենետիկ տեղեկատվության միջոցով մարդկանց, կենդանիների և բույսերի վերստեղծումը ներկայում անհնար է: Սակայն սինթետիկ կենսաբանության ոլորտում արդեն առաջընթաց է գրանցվում: Մասնավորապես, 2010 թվականին դոկտոր Քրեյգ Վենտերի գլխավորած գիտնականների թիմի ջանքերով ստեղծված սինթետիկ մանրէն:

«Ուրիշ գիտնականների աշխատանքից գիտենք, որ պարզ օրգանիզմների գենետիկական նյութը հնարավոր է լաբորատորիայում սինթեզել և օգտագործել գոյություն ունեցող բջիջում՝ կենդանի, կենսունակ անհատ ստեղծելու համար»,-ասում է պրոֆեսոր Կազանսկին:

Իսկ առայժմ մարդու գենոմով «հավերժական» բյուրեղը պահվում է Ավստրիայի Հոլշսթաթ քաղաքի աղի քարանձավի «Մարդկության հիշողության» արխիվում: Գիտնականները բյուրեղի վրա զգուշորեն տեսողական բանալի են տեղադրել, որը գտնողին հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ տեսակի տեղեկություն է այն պարունակում։