Թայվանը նախատեսում է մեծ խմբաքանակով ռազմական տեխնիկա գնել ԱՄՆ-ից, որպեսզի լավ հարաբերություններ ապահովի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) բրիտանական թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ կղզու վարչակազմում զգուշանում են իրենց դեմ Թրամփի զայրույթն առաջացնելուց, որն ավելի վաղ քննադատել էր Վաշինգտոնի դաշնակիցներին, իր կարծիքով,  պաշտպանական անբավարար ծախսերի համար։ Կոնֆլիկտից խուսափելու համար թայվանցի պաշտոնյաները ոչ պաշտոնական բանակցություններ են վարել նրա թիմի հետ՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչ քանակությամբ ամերիկյան զենք պետք է ձեռք բերեն, որպեսզի Թրամփին ցուցադրեն կղզու՝ ռազմական կարիքների ծախսերն ավելացնելու պատրաստակամությունը։ «Նրանք (Թայվանի վարչակազմը) կդիմեն ԱՄՆ ազգային անվտանգության [նոր] խորհրդականին, երբ նրան նշանակեն, եւ ամերիկյան սպառազինության շատ մեծ փաթեթի մատակարարման խնդրանք կներկայացնեն»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

FT-ի տեղեկացմամբ՝ Թայվանի կողմից ապագա գործարքը կղեկավարեն կղզու վարչակազմի փոխղեկավար Սյաո Մեյցինը եւ տեղի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ու Չժաոսեն (Ջոզեֆ Ու)։ Ռազմական տեխնիկայի ցուցակում, որը Թայվանը կխնդրի ԱՄՆ նոր վարչակազմից, կլինեն 60 հատ F-35 կործանիչներ, 4 հեռահար ռադիոլոկացիան հայտնաբերման E-2D Hawkeye ինքնաթիռներ, 10 դուրս գրված նավեր՝ զինված հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգով եւ Patriot հակաօդային պաշտպանության համալիրների 400 հրթիռներ։ Թայվանի Ազգային պաշտպանության եւ անվտանգության ինստիտուտի գիտաշխատող Սու Ցզիյունի գնահատմամբ՝ ամերիկյան սպառազինության փաթեթը տեղի բյուջեի վրա ավելի քան 15 մլրդ դոլար կնստի։

Կղզու վարչակազմում չեն հաստատել, ոչ էլ հերքել են բրիտանական թերթի տեղեկությունը՝ նշելով միայն, որ Թայվանը կշարունակի ավելացնել իր ռազմական պոտենցիալը։ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանությունում իրենց հերթին կոչ են արել Թայվանի կառավարող Դեմոկրատական առաջադեմ կուսակցությանը «հրաժարվել [Չինաստանից կղզու] անջատման իրենց փորձերից արտաքին ուժերի եւ ռազմական պոտենցիալի աճի վրա հույս դնելով, ինչպես նաեւ դադարեցնել Թայվանին հակամարտության եւ պատերազմի մղելու փորձերը»։