«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նոր իրավակարգավորումներով 2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանները կհարկվեն նոր հարկատեսակով: Փաստաբաններն ահազանգում են՝ նախագծի կիրառման հետևանքով իրավաբանական ծառայությունների և, մասնավորապես, փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակիորեն ավելանալու է: Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ, որը վերջերս հաճախակի է բարձրաձայնում խնդրի մասին նաեւ խնդրի հետ կապված դիմում է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահին:
«Ազգային ժողովի կողմից ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել, այդպիսի օրենքի նախագիծ է ընդունվել, որտեղ ներառվել են փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումներ: Մասնավորապես եթե մենք մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը աշխատել ենք շրջանառության հարկով, որը կազմում է ընդամենը 5 տոկոս, մնացած հարկատեսակները չեմ նշում, իսկ հունվարի մեկից արդեն գործելու է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, այսինքն փաստաբանական ծառայությունները, ոչ թե շրջանառության հարկով են հարկվելու, այլ ավելացված արժեքի հարկով յուրաքանչյուր ամիս եւ վերջում արդեն տարեկան շահութարկի 18 տոկոս տարեկան հարկատեսակով: Եթե մենք մյուս հարկերն էլ ենք գումարում, որը էլի փոփոխվելու է ըստ ՊԵԿ-ի, ստացվում է, որ միայն հարկատեսակի մասով 50 տոկոս հարկատեսակ է լինելու, իսկ գործի հետ կապված ծախսերն էլ եթե ներառում ենք, ստացվում է 70 տոկոս: Եթե առաջ կարողանում էինք անվճար խորհրդատվություն տալ քաղաքացիներին կամ հնարավորինս մատչելի դարձնել ծառայության արժեքը, հիմա այդպես չի լինելու, քանի որ այս օրենքը ընդունող կառույցը հավանաբար չի պատկերացնում փաստաբանի ծախսերը, այդ պատճառով էլ փաստաբանները ստիպված են լինելու հարկատեսակի չափով ավելացնել իրենց ծառայության արժեքը»,-ասաց նա:
Փաստաբանը շեշտում է, որ այս փոփոխությունները ժողովրդավարական չեն, եւ սրանից տուժելու են քաղաքացիները:
«Միջին վիճակագրական քաղաքացու աշխատավարձի չափը եթե նայում ենք, ապա այն բավականացնում է ապրելու կամ գոյատեւելու համար, սակայն չի կարողանակու օգտվել փաստաբանական ծառայություններից, նաեւ չի կարողանալու հանրային պաշտպանի գրասենյակ դիմել, քանի որ անաշխատունակության փաստաթղթեր պետք է ներկայացնի: Քաղաքացիների որոշակի շրջանակ զրկված է լինելու փաստորեն փաստաբանական ծառայություններից օգտվելու համար»,-ասաց նա:
Սարգսյանը նշում է, որ փաստաբանների հետ քննարկումներ են տեղի ունենում եւ հնարավոր է դիմեն ՍԴ՝ այս օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար:
«Քանի որ փաստաբանությունը դա բիզնես չէ, դա իրավապաշտպան գործունեություն է, մենք 24/7 ռեժիմով աշխատում ենք եւ եթե ստացվում է, որ ոչ թե փաստաբանների հարկային բեռն են ավելացրել, այլ քաղաքացիների, որովհետեւ կրկնում եմ՝ փաստաբանները ստիպված են լինելու բարձրացնեն ծառայությունների արժեքները»,-ասաց նա:
Փաստաբանը հայտնեց, որ ինքը դիմում է ներկայացրել փաստաբանների պալատի նախագահին, որպեսզի նախ տեղեկանան պետական մարմինների քննարկումների արդյունքների մասին, ապա նաեւ ավելի գործուն քայլերի դիմեն:
«Հասկանանք, թե ինչ փուլում ենք եւ մեր գործըկերների հետ եւս քննարկումներ անցկացնենք՝ ՍԴ դիմելու ընթացակարգը հասկանալու համար: Եթե մենք այս քայլերին չդիմենք, չենք կարող բնականոն մեր գործունեությունը իրականացնել: Սրանով նաեւ փորձ է արվում մեր անկախությունը զսպել, ստացվում է, մենք դառնում ենք պետական աշխատողներ: Այս նախագիծը մշակողները եւ ներկայացնողները չեն տիրապետում փաստաբանական ոլորոտին, այլապես քաջատեղյակ մարդը նման նախագիծ ընդհնարապես չէր ներկայացնի»,- ասաց նա:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետևանքով փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է:



























