«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ չէ, որ «Լյուստրացիայի մասին» օրենքը կընդունվի Հայաստանի Ազգային Ժողովում, բայց կարծում է, որ այն հանրային լուրջ բանավեճ կհարուցի, եւ այդ բանավեճը կբերի ինքնամաքրման: Այսօր` դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այս օրենքի դեպքում էլ «երբ փաստարկներով չեն կարողանում բանավիճել, օգտագործում են պիտակներ»:
«Սա նման էր նրան, երբ պիտակներ կպցրին ԼՂՀ ճանաչման օրինագծին եւ ասում էին, որ 20 տարի ուշացել է: Այո, ուշացել է ինչ-ինչ պատճառներով, բայց դա չի նշանակում, որ 20 տարի անց չկա դրա իրավական, քաղաքական եւ պետական հիմքը»,- նշեց նա եւ հավելեց. «Այո, լավ կլիներ, ավելի տրամաբանական կլիներ, որ «Լյուստրացիայի մասին» օրենքը քննարկվեր 20 տարի առաջ, բայց բոլոր դեպքերում ինքնամաքրման տեսակետից, կարծում եմ, դա անհրաժեշտ է»:
Ըստ Հովհաննիսյանի, օրինագիծն ուղղված չէ միայն ԿԳԲ-ին, այլ բոլոր օտար ծառայություններին. «Հայաստանի քաղաքացին պետք է իմանա այն մարդու անունը, ով ունեցել է առնչություն, ով եղել է գործակալ»:
«Ժառանգության» ղեկավարը նաեւ պարզաբանեց, թե ինչու է օրինագծով նախատեսվում գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակաշրջանը: «Ինչ վերաբերում է անկախության շրջանին, այս դեպքում այդ արարքները, որոնց հղումը կատարվում է «Լյուստրացիայի օրենքով», դրանք պետական դավաճանություն են եւ այլ օրենքով են պատժվում»,- ասաց նա եւ հավելեց. «Իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունները պետք է հնարավորություն տան, որ քաղաքացին իմանա, թե ով է իր ընտրյալը: Հույս ունեմ, որ սա լուրջ քննարկման կարժանանա: Վստահ չեմ, թե ինչ արդյունքի կհանգի, բայց հանրային բանավեճն էլ կբերի ինքնամաքրման»:
Նշենք, որ օրենսդրական նախաձեռնության նպատակներն են. գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց:




























