ԱՄՆ պաշտոնյաները երկուշաբթի հայտնել են, որ Նյու Ջերսի նահանգի հյուսիսում մեծ անօդաչու թռչող սարքեր են սավառնել, ինչից հետո «անհանգստացած» բնակիչների մեջ հարց է առաջացել, թե ինչ է թաքնված վառ, անհայտ թռչող օբյեկտների հետևում, որոնք գրեթե ամեն գիշեր հայտնվում են երկնքում, գրում է NBC News-ը:
Իշխանությունները հայտարարել են, որ ՀԴԲ-ն և Մորիս շրջանի շերիֆի վարչությունն ակտիվորեն հետաքննում են օդային երևույթը, որը նյարդայնացնում է, բայց առայժմ անվտանգությանը չի սպառնում:
«Ներկա պահին հասարակության համար իրական անմիջական վտանգ չկա»,-հայտարարել է Մորիս շրջանի շերիֆ Ջեյմս Գանոնը: «Շերիֆի գրասենյակը բազմաթիվ իրավապահ մարմինների հետ միասին աշխատում է այդ հարցի շուրջ»:
Մորիս շրջանի բնակչուհի Ջուլի Շավալիեն ասում է, որ առեղծվածային ուշ գիշերային շոուները թույլ չեն տալիս, որ ինքը քուն մտնի:
Շավալիեն պատմել է, որ վախենում է, որ առջևում ավելի շատ անքուն գիշերներ են սպասվում:
«Երբ գիշերվա ժամը 2-ին վեր կացա և նայեցի պատուհանից դուրս, ժամը 4-ին, նրանք դեռ ճախրում էին օդում: Այսօր առավոտյան ես վեր կացա 5:30-ին, և նրանք դեռ այնտեղ էին, երբ արևը սկսեց ծագել: Նրանք հետ գնացին այն ուղղությամբ, որտեղից եկել էին, և ես սպասում եմ, որ արևը մայր մտնելուն պես նրանք կվերադառնան», - հավելել է նա:





























