Հայկական կենսաթոշակային հիմնադրամներին պետք է հնարավորություն տրվի ավելի շատ վաստակել արտաքին շուկաներում: Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովի նիստում «Ներդրումային հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հանրապետության կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
Նրա խոսքով, իշխանությունները, մասնավորապես, նախատեսում են թուլացնել կենսաթոշակային հիմնադրամի ներդրումների սահմանափակումները մեկ երկրի ակտիվներում։ «Ներկայումս հիմնադրամները կարող են ներդնել իրենց տնօրինած բոլոր կենսաթոշակային խնայողությունների մինչև 15%-ը մեկ երկրի ակտիվներում: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ այս շեմը կհասցվի 30 տոկոսի։ Դա հիմնականում արվում է ամերիկյան ֆոնդային շուկայում ներդրումների մասով։ Չէ՞ որ ծավալային առումով այն ամենամեծն է աշխարհում»,- պարզաբանեց ԿԲ փոխնախագահը։
Ֆոնդերը, ինչպես նշեց Նուրբեկյանը, նման ակտիվներում ներդրումներ են կատարում ոչ թե ուղղակիորեն, այլ բորսայում շրջանառվող ներդրումային ֆոնդերի (այսպես կոչված՝ Exchange traded funds) գնման միջոցով: Այնտեղ տարբեր ընկերությունների բաժնետոմսերը փաթեթավորված են միասին։ Սա թույլ է տալիս բաշխել ռիսկերը փող ներդնելիս:
Մեկ այլ նորամուծություն ենթադրում է, որ կենսաթոշակային հիմնադրամները կկարողանան ուղղակիորեն ներդրումներ կատարել հայկական ընկերությունների բաժնետոմսերում՝ պահպանելով նախկին սահմանաչափը՝ կառավարվող կապիտալի մինչև 10%-ը: Առաջարկվում է նաև միջին ռիսկայնությամբ պահպանողական ֆոնդերի պորտֆելներում բաժնետոմսերի առավելագույն մասնաբաժինը 25%-ից հասցնել 35%-ի։
Բաժնետոմսերը, ըստ նրա, համարվում են ավելի շահավետ, բայց նաև ավելի ռիսկային գործիք՝ համեմատած պետական պարտատոմսերի և բանկային ավանդների հետ։
«Կենսաթոշակային հիմնադրամները գործունեության տարիների ընթացքում ցույց են տվել իրենց հուսալիությունը։ Նրանց կարելի է ավելի շատ նման ներդրումներ վստահել։ ԿԲ-ն ակնկալում է, որ առաջարկվող փոփոխությունները կբարձրացնեն կենսաթոշակային ներդրումների շահութաբերությունը մոտավորապես 0,3%-ով»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը։
Ներկայում կենսաթոշակային խնայողությունների մոտ 65%-ը ներդրվում է երկրի ներսում։ Ընդ որում՝ հիմնականում պետական պարտատոմսերում և բանկային ավանդներում։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին մասնավոր ընկերությունների բաժնետոմսերում ներդրումները հատկապես արագ աճել են։ Կենսաթոշակային հիմնադրամները, օրինակ, ինչպես նշեց Կենտրոնական բանկի ներկայացուցիչը, արդեն իսկ ձեռք են բերել բաժնետոմսերի առավելագույն թույլատրելի ծավալը այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և կապի օպերատոր Team-ը։





























