«Տաշիր» խումբը Comedy Club Production պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում բացելու է Comedy Cafe ռեստորանային ցանց: Համագործակցության շրջանակներում «Տաշիր» խումբը շուրջ 50 ռեստորաններից բաղկացած ցանցի ստեղծմանը կուղղի 50 մլն դոլար, իսկ պրոդյուսերական կենտրոնը կտամադրի իր բրենդը:
«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ Comedy Cafe ցանցի առաջին ռեստորանը Մոսկվայում կբացվի արդեն այս շաբաթ` ընկերությանը պատկանող «Ռիո» առեւտրային կենտրոնում, իսկ բոլոր 50 ռեստորանների բացումը նախատեսվում է մինչեւ 2014 թվականը:
Comedy Club Production-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի խոսքերով` «Տաշիր» ընկերությունը ձեռք է բերել Comedy Cafe ապրանքային նշանի օգտագործման բացառիկ իրավունք, եւ նախնական պայմանավորվածության համաձայն, այս երկու ընկերությունների համագործակցության շրջանակներում Comedy Cafe ռեստորաններում ժամանցը կապահովի Comedy Club Production-ը:
Նշենք, որ «Տաշիր» խումբը, որը պատկանում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին, ստեղծվել է 1999թ.: Comedy Club Production պրոդյուսերական կենտրոնը կազմավորվել է 2007թ. եւ հանդիսանում է Comedy TV հեռուստաընկերության սեփականատեր: Forbes ամսագրի գնահատմամբ՝ Comedy Club-ի տարեկան եկամուտը կազմում է 8.3 մլն դոլար:



























