ԵՄ-ն ցավում է Գազայում հրադադարի խախտման և Իսրայելի ավիահարվածների հետևանքով քաղաքացիական անձանց, նրանց թվում՝ երեխաների մահվան համար։ Դրա  մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասի հայտարարության մեջ։

ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում դադարեցնել իր ռազմական գործողությունները և կրկնում է իր կոչը ՀԱՄԱՍ-ին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Այն կոչ է անում Իսրայելին զսպվածություն ցուցաբերել և վերսկսել անարգել մարդասիրական օգնությունն ու էլեկտրաէներգիայի մատակարարումները Գազա:

ԵՄ-ն միաժամանակ  բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները:

«ԵՄ-ն կարծում է, որ բանակցությունների վերսկսումը միակ ճանապարհն է։ Պաղեստինցիներն ու իսրայելցիները մեծապես տուժել են վերջին մեկուկես տարվա ընթացքում: Ժամանակն է կոտրել բռնության արատավոր շրջանը։ Կայունությունը արագ վերականգնման անհրաժեշտ նախապայման է։

Ռաֆահ անցումը փակ է մինչև հետագա ծանուցումը։ Ստեղծված իրավիճակում Ռաֆահում տեղակայված EUBAM առաքելությունը չի ուղարկում իր անձնակազմին անցակետ, այլ շարունակում է մնալ տարածաշրջանում՝ սպասելով հետագա զարգացումներին»,- ասված է հայտարարության մեջ։