Գազայի հատվածին Իսրայելի հարվածների վերսկսումը այս տարվա սկզբին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ զինադադարից հետո լուրջ քայլ է սխալ ուղղությամբ, չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
«Նախօրեին իսրայելական հարվածների վերսկսումը, հակառակ միջնորդների ջանքերին, դրամատիկ հետքայլ է»,- Փարիզում Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Մակրոնը։
«Դա դրամատիկ է Գազայի պաղեստինցիների համար, ովքեր կրկին ընկղմվել են ռմբակոծության սարսափի մեջ, և դրամատիկ է (իսրայելցի) պատանդների և նրանց ընտանիքների համար, ովքեր ապրում են անորոշության մղձավանջում»,-հավելել է նա:
Այս շաբաթվա սկզբին հունվարին Իսրայելի և պաղեստինյան տարածքի ՀԱՄԱՍ-ի ղեկավարների միջև կնքված փխրուն զինադադարից հետո Իսրայելն իրականացրել է իր ամենամահաբեր ռմբակոծությունը Գազայի հատվածում:
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերսկսված օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ: Իսրայելը չորեքշաբթի նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ։
Մակրոնը քննադատել է ՀԱՄԱՍ-ին՝ հայտարարելով, որ «դիմադրության առանցքն այսօր պատրանք է», բայց նաև զգուշացրել է Իսրայելին, որ «Իսրայելը չի կարող ռազմական լուծում ունենալ Գազայում»։
Աբդուլլահ թագավորն իր հերթին հարվածները «չափազանց վտանգավոր քայլ է անվանել, որը վատթարացնում է առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակը»:
«Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և հավաքականորեն գործի՝ հրադադարի վերականգնմանը և դրա փուլերի իրականացմանը հասնելու համար։ Իսրայելի հարձակումները և մարդասիրական օգնության, Գազայի հատվածին ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումների շրջափակումը սրող միջոցներ են, որոնք վտանգի տակ են դնում ծայրահեղ խոցելի բնակչության կյանքը: Հրադադարը պետք է վերականգնվի, իսկ օգնության հոսքը պետք է անհապաղ վերսկսվի»,- շեշտել է Հորդանանի թագավորը։





























