«Կանաչ շարժման» ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործը ուղարկվել է լրացուցիչ հետաքննության: Գործը հսկող դատախազ Գրիգորյանը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները, եւ քր.գործն ուղարկել նախաքննական մարմնին՝ լրացուցիչ քննություն անցկացնելու, որը կվարի քննիչ Վիգեն Մեսրոպյանը, ով մինչեւ հիմա անցկացնում էր տվյալ գործով քննչական գործողություններ:

Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը «ԷկոԼուրին» հայտնել է, թե «իրենք հույս ունեն, որ վերջնական արդյունքում արդարությունը կհաղթանակի եւ Մարիամ Սուխուդյանը կարդարացվի, իսկ պատիժը կկրեն իրական մեղավորները»:

Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը մեղադրվում է զրպարտության մեջ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով: Սուխուդյանի նկատմամբ թիվ 2105809 քրեական գործը հարուցվել է Հանրային հեռուտաընկերության 2008թ. նոյեմբերի 13-ի հեռուստահաղորդման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սաներից մեկը պատմում էր ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին: Ոստիկանությունը փոխանակ պատժեր իրական մեղավորին, գործ էր հարուցել Սուխուդյանի նկատմամբ, իբր նա է սաներին ստիպել անվանարկել ուսուցչին: 2009թ. օգոստոսի 15-ին Մարիամ Սուխուդյանին մեղադրանք էր առաջադրվել «սուտ մատնության» մեղադրանքով, սակայն հոկտեմբերի 21-ին մեղադրանքը վերաորակավորվել էր զրպարտություն հոդվածով: