Թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սկսված բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Ավելի վաղ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը սպառնացել էր զրկել արտոնագրերից այն լրատվամիջովներին, որոնք «հեռարձակումներ են իրականացնում օրենքի շրջանակներից դուրս»։

Բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումները, ի թիվս այլոց, դադարեցրել են TRT Haber-ը, NTV-ն և CNN Turk-ը: Միաժամանակ այդ ԶԼՄ-ները շարունակում են լուսաբանել հանրահավաքները՝ հրապարակելով քաղաքական գործիչների ելույթներն ու քաղաքագետների կարծիքները։ Որոշ մասնավոր հեռուստաալիքներ, այդ թվում՝ Halk TV-ն, շարունակում են կադրեր հեռարձակել բողոքի ցույցերի վայրերից։

Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի ղեկավար Էբուբեքիր Շահինն ավելի վաղ հայտարարել էր, որ կարգավորողը կարող է դադարեցնել հեռարձակումը և արտոնագրից զրկել բողոքի ցույցերն ուղիղ հեռարձակող հեռուստաալիքներին։ «Պատժամիջոցներ կկիրառվեն այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք… հեռարձակում են տեղեկատվություն, որը խախտում է քաղաքացիական իրավունքները, վիրավորում կամ սպառնում է պաշտոնյաներին, հետաքննություն իրականացնող դատական ​​ծառայողներին, անվտանգության ծառայություններին և իրավապահներին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության և կաշառմամբ զբաղվող կազմակերպության առնչությամբ գործի շրջանակներում։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների ճնշումներին։ Դրանից հետո բողոքի ցույցեր են սկսվել ողջ երկրում և աշխարհի տարբեր քաղաքներում։