ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վիետնամի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել չեղարկել ամերիկյան ապրանքների նկատմամբ սահմանած բոլոր մաքսատուրքերը:
«Հենց նոր արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Վիետնամի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Լամի հետ, որն ինձ ասաց՝ Վիետնամը ցանկանում է իջեցնել իր մաքսատուրքերը զրոյի, եթե կարողանա համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում: Թրամփը նշել է, որ «անհամբերությամբ սպասում է մոտ ապագայում հանդիպելու» Թո Լամի հետ։
Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ Միացյալ Նահանգների և Վիետնամի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի վերջին կազմել է մոտ 149,6 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ից Վիետնամ մատակարարումները գնահատվում են 13,1 միլիարդ դոլար, Վիետնամից Միացյալ Նահանգներ՝ 136,6 միլիարդ դոլար։
Ապրիլի 2-ին ամերիկացի առաջնորդը հայտարարեց 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա հայտարարեց, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրք կսահմանի 10 տոկոս։
Առանձին պետությունների համար նա անհատական սակագներ սահմանեց։ Մասնավորապես, վիետնամական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կկազմեն 46 տոկոս։





























