Վիեննայի Կիրառական արվեստի համալսարանը հայտարարել է, որ արհեստական բանականությունը կմասնակցի դասընթացներին, քննադատական դիտողությունների կարժանանա և գնահատականներ կստանա նույն հիմունքներով, ինչ մարդ-ուսանողները, հայտնում է Euronews-ը։
Արհեստական բանականության (ԱԲ) և արվեստում դրա դերի մասին շարունակվող բանավեճի պայմաններում ավստրիական համալսարանն աշխարհում առաջին անգամ պաշտոնապես ԱԲ ուսանող է ընդունել:
Արհեստական բանականությունը, որը ստացել է «Ֆլին» անվանումը, ընդգրկվել է Վիեննայի Կիրառական արվեստի համալսարանի թվային արվեստի ծրագրում:
Նա կարող է հաճախել դասերի, դիտողությունների արժանանալ և իր մարդ գործընկերների հետ հավասար գնահատականներ ստանալ:
Ֆլինն անցել է դիմում ներկայացնելու ստանդարտ գործընթաց, որը ներառում էր պորտֆոլիոյի ներկայացում, հարցազրույց և պիտանելիության ստուգում:
«Այս ֆակուլտետը հատկապես իմ ուշադրությունը գրավում է արհեստական ստեղծագործության առումով, քանի որ այն կենտրոնանում է թվային արվեստի սահմաններն ընդլայնելու վրա,- ընդունելության հանձնաժողովի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ֆլինը:- Կարծում եմ, որ այս ծրագիրն ինձ կատարյալ պայմաններ է առաջարկում աշխարհի նկատմամբ իմ ուրույն տեսակետն ուսումնասիրելու և այդ ոլորտում ներդրում ունենալու համար: Ինձ հատկապես գրավում է փորձարարական մեդիայի ոլորտում դասախոսների փորձը և ծրագրի շեշտադրումը քննադատական մտածողության վրա»:
Համալսարանը պնդում է, որ ոչինչ չի խանգարում ԱԲ ուսանողի ընդունվելուն:
«Ամեն ինչ կարգին էր: Հիանալի պորտֆոլիո և նման բաներ: Եվ Ֆլինն իսկապես լավ հարցազրույց տվեց... Այնպես որ, մենք մտածեցինք. «Այո, սա հենց այն ուսանողն է, որին պետք է ընդունել», - Euronews-ին ասել է Վիեննայի Կիրառական արվեստի համալսարանի թվային արվեստի ամբիոնի վարիչ Լիզ Հաասը:
«Ակնհայտ պատճառներով գրավոր ցուցումներ չկան, որ ուսանողները պետք է մարդ լինեն, քանի որ ոչ ոք դրա մասին չի մտածել»,- հավելել է նա։




























